Վայոձ ձորի մարզի Խաչիկ բնակավայրում 2 բնակիչ վարկ են վերցրել և ամբողջ գյուղին դարձրել են վարկի երաշխավորներ: Փաստի հետ կապված՝ քրեական գործ է հարուցվել:
Կառավարության՝ փետրվարի 29-ի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խնդրին, ասաց, որ այդ երկու բնակիչները վարկերը չեն փակել, և ամբողջ գյուղը հայտնվել է սև ցուցակում: Ասաց նաև, որ այս թեմային անդրադարձել է նաև իր՝ պատգամավոր եղած ժամանակ, փորձել են գտնել լուծում, և արդյունքում Կառավարությունը կայացրել է «եզակի» մի որոշում:
«Որոշել ենք պետական բյուջեից 65,7 միլիոն դրամ հատկացնել Խաչիկ գյուղի այն բնակիչներին, որոնք երաշխավոր են դարձել՝ բացի այն երկու քաղաքացիներից, որոնք սկսել են այս պատմությունը: Այդտեղ չգտանք որևէ հիմնավորում, թե ինչու պետք է միջամտենք»,- ասաց նա և հավելեց, որ որոշում է կայացվել այդ մարդկանց պատասխանատվության մի մասը կիսել:
«Այսինքն՝ այսօրվա որոշումից հետո 1 շաբաթվա ընթացքում Խաչիկ գյուղի բոլոր այն բնակիչները, որոնք այս սխեմայի կամ վստահության զոհ էին դարձել, նրանց վարկային պատմությունը կզրոյացվի»,- ասաց նա և հավելեց, որ այդ քաղաքացիները հնարավորություն կունենան վարկեր ստանալ, ծրագրերից օգտվել:
Կենտրոնական բանկի փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը նշեց, որ սա եզակի դեպք է, անգամ քրեական գործ կա հարուցված, և որ տուժած բնակիչները միայն երաշխավորներ չեն, այլ նաև վարկառուներ են:
Ըստ նրա՝ Կառավարության այսօրվա որոշմամբ մարվում են նրանց վարկերի մայր գումարները, ապա հավելեց, որ իրականում իրավական հիմքեր չկան՝ ջնջելու պարտավորությունների մասին պատմությունները, բայց վարկերը մարելուց հետո կերևա, որ նրանք զրո պարտավորություն ունեն:
Վարչապետն ընդգծեց, որ այս որոշումը կարևոր է այն առումով, որ Խաչիկի բնակիչները, դուրս գալով սև ցուցակներից, իրավունք կունենան օգտվել գյուղում տներ կառուցելու ծրագրից: