Վառելիքի շուկայում առաջին ուսումնասիրությունը սկսել ենք 2019 թվականին: Որոշակի խնդիրներ հայտնաբերվեցին, որի շրջանակում նույնիսկ քրեական գործ կա: Շատ բան չհաղորդեմ՝ կապված վարույթի գաղտնիության հետ, բայց ՀՀ վառելիքը ներմուծվում է հիմնականում Ռուսաստանից՝ որպես ԵԱՏՄ ապրանք, և ավելի քիչ ծավալով՝ եվրոպական երկրներից: Հիմա մտածում ենք՝ տնտեսվարողների հետ լաբորատոր կարողություններ ձևավորել սահմանային անցման կետերում, որը մշտապես կհսկի ներմուծվող վառելիքի որակական չափանիշի համապատասխանությունը այն ստանդարտներին, որը կա Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին խորհրդարանում ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) նախագահի պաշտոնում առաջադրված Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հարցին, որը վերաբերում էր վառելիքի շուկային:
Պատգամավորը հետաքրքրվում էր՝ ինչ դինամիկա կա վերջին տարիներին վառելիքի շուկայում որակի լավարկման իմաստով:
«Երկրորդ խնդիրը, որն ավելի ժամանակատար է, լցակայաններում տարբեր որակի վառելիքն է: Ինչպես տեսաք, վառելիքը մեկն է, և Հայաստան մտնում է մեկ վառելիք, և այդ որակի փոփոխությունը մեծամասամբ կախված է լցակայանի պահեստների աղտոտվածությունից, որակից: Նույն տնտեսվարողի մոտ ավելի նոր ստեղծված լցակայանում վառելիքի որակն ամենայն հավանականությամբ ավելի բարձր է լինելու, քան հին լցակայանինը»,- ասաց Գևորգյանը:
Անդրադառնալով ստանդարտներին՝ նշեց՝ դա ամենաշատ կարգավորման անհրաժեշտություն ունեցող ոլորտն է:
«ԵՄ-ի մեր գործընկերների հետ հիմա աշխատում ենք նոր ստանդարտների փաթեթի վրա, Կառավարությանը խոստացել ենք, որ էկոնոմիկայի և արդարադատության նախարարությունների մեր գործընկերների հետ մայիսին առաջին փաթեթը կներկայացնենք Կառավարության դատին: Կարծում եմ՝ առաջին ստանդարտները կգրվեն առևտրի ոլորտում, հետո կսկսենք ստանդարտացնել բոլոր հատվածները»,- մանրամասնեց նա:
Ինչ վերաբերում է պետական մարմինների մրցույթներին, նշեց՝ դրանք առաջացրել են բավական մեծ խնդիրներ: Մեկ գործով ՄՊՀ-ն համագործակցել է ԱԱԾ-ի հետ, հարուցված գործ կա:
«Դա ընդամենը մեկ դեպք է, բայց մենք մի շարք դեպքեր ունենք: Կարծում եմ՝ այստեղ կա օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն: Ֆինանսների նախարարությունը բացել է նոր դաշտ, որ գնումների օրենսդրությունն ամբողջությամբ փոխում ենք, և սրանք նույնպես ներառվում են այնտեղ»,- մանրամասնեց Գեղամ Գևորգյանը: