Խորհրդարանը քննարկում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) նախագահի պաշտոնում առաջադրել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:
Նրան խորհրդարանում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պարտականությունները կատարող Արման Խոջոյանը:
Գեղամ Գևորգյանն ունի աշխատանքային հարուստ փորձ թե՛ պետական կառավարման համակարգում, թե՛ միջազգային կազմակերպություններում, զուգահեռ ծավալել է դասախոսական ու գիտական գործունեություն:
Եղել է Կառավարության իրավաբանական վարչության փորձագետ, առաջատար մասնագետ, այնուհետև` օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գլխավոր իրավաբան, 2016-2018 թթ. ղեկավարել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը, ՀԲ-ի առևտրի խթանման և ենթակառուցվածքի ծրագրի գրասենյակի ղեկավարը: 2018-ին նշանակվել է Գյուղատնտեսության նախարար, 2019-ի ապրիլից առ այսօր ՄՊՀ նախագահն է:
Գեղամ Գևորգյանը մասնագիտությամբ իրավաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու, մասնագիտացել է տնտեսական մրցակցության պաշտպանության հարցերի ուղղությամբ: Շուրջ մեկ տասնյակ գիտական հրապարակումների հեղինակ է:
Գեղամ Գևորգյանն իր ելույթի ժամանակ ներկայացրեց 2019-2023 թթ. ՄՊՀ-ի գործունեության հաշվետվությունը, նշեց՝ 2023-ին, օրինակ, պետական մարմինների հակամրցակցային գործողությունների նկատմամբ վարույթների քանակը եղել է 11:
«Ունեցել ենք պետական մարմինների դեմ գործեր. սա շատ կարևոր հաղորդագրություն է բիզնեսին, որ մենք hսկում ենք նաև պետական մարմինների կողմից հակամրցակցային գործողությունները»,- ասաց Գևորգյանը:
Ինչ վերաբերում է պետական գնումների ոլորտին, հայտնեց՝ 2023-ին պետական գնումների ոլորտում ունեցել են 7 հակամրցակցային գործողությունների վերաբերյալ որոշում:
Գերիշխող դիրքերի չարաշահման առումով տեղեկացրեց՝ դեպքերի մեծ մասը վերաբերում է դեմպինգին:
«Սա շատ կարևոր տնտեսական ազդակ է»,- նկատեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածուն:
Ինչ վերաբերում է անբարեխիղճ մրցակցությանը, նշեց՝ կրկնակի վարույթների, պատասխանատվության միջոցների և տուգանքների քանակն ավելացել են:
«Պետք է կամաց-կամաց վերականգնվի տնտեսվարող և սպառող վստահությունը, որը մենք ցանկանում ենք ունենալ, և հանձնաժողովն այդ ճանապարհն անցնելու արդյունքում 2023-ին դարձավ սպառողների շահերի պաշտպանության ոլորտում աշխարհում ամենահեղինակավոր կառույցի անդամ: Ներկայումս Կառավարության, ԵՄ-ի մեր գործընկերների հետ մշակում ենք ստանդարտների նոր փաթեթ, և կարծում եմ՝ շուտով կդիմենք նաև ԱԺ-ին՝ կենտրոնական մարմնի ստեղծման գործընթացը ավարտելու համար: Կունենանք սպառողների շահերի պաշտպանության ինստիտուցիոնալ կառույց»,- ասաց Գեղամ Գևորգյանը: