«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով լիցենզավորման պահանջ է սահմանվել բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման գործունեություն իրականացնողների նկատմամբ:
Հարկ է նշել, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքով սահմանվել է անցումային շրջան, ըստ որի՝ նշված պահանջները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը չեն տարածվելու մինչև նույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը: Այդ մասին խորհրդարանում ասաց հիմնական զեկուցող, առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը տվյալ նախագծի ներկայացման ժամանակ:
Նախագծով առաջարկվում է բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման լիցենզավորման պարտադիր պահանջը 2024 թվականի հունվարի 1-ից հետաձգել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
«Հատկապես ժամանակատար է տնտեսվարողների կողմից որակի կառավարման համակարգի ներդրումը: Դրա համար մենք միջին հաշվարկ ենք արել, որ մոտավորապես 7-9 ամիս է պետք, ավելի կարճ երևի թե անհնար է: Միջազգային սերտիֆիկատներ պետք է ստանան, ավելի շուտ չեն կարող»,- պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ ասաց նախարարի տեղակալը:
Վերջինս խնդրել էր պարզաբանել՝ ինչու պետք է լիցենզիայի համար դիմած մարդը սպասի այդքան ժամանակ:
«Մենք երկարաձգել ենք նրա համար, որ որոշ օրենսդրական ակտեր ուշ ընդունվեցին, որպեսզի տնտեսվարողներին նեղություն չպատճառենք»,- պարզաբանեց Գասպարյանը:
Հարակից զեկուցող, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը հայտնեց՝ նախագիծը քննարկվել է հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն:
««Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում առկա տարընթերցումները բացառելու, առավել հստակ գործիքակազմի ներդրման, վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված կանոններին ՀՀ օրենսդրությունը ներդաշնակեցնելու անհրաժեշտությամբ: