Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը France 24 հեռուստաալիքով, որը վերաբերում է հանրապետությունում պետական հեղաշրջմանն ուղղված՝ Ռուսաստանի «կոչերին»:
«ՀՀ վարչապետի ձեր նշած պնդումները որևէ հիմք չունեն։ Ռուս պաշտոնյաները երբեք օրինական ընտրված իշխանությունների տապալման մասին կոչեր չեն արել: Կուզենայի, որ Երևանի իշխանությունները հիշեն, որ մենք նման մոտեցում ենք դավանում Հայաստանի և՛ ներկայիս իշխանությունների, և՛ նախորդների ու՛ ընդհանրապես, ցանկացած ինքնիշխան պետության նկատմամբ։
Ինձ թվում է, որ Մոսկվան և Երևանը մնում են իսկապես դաշնակիցներ, և դա է գլխավորը։ Ցավոք, դրան Երևանում ամենաքիչն են ուշադրություն դարձնում։ Մենք ունենք պաշտոնական հարաբերություններ, որոնք ժամանակի փորձություն են անցել և իրավական հիմք ունեն:
Մենք Հայաստանի հետ բարեկամական կապերը խզելուն ուղղված գործողություններ երբևէ չենք իրականացրել։ Մենք բազմիցս գործընկերներին առաջարկել ենք բոլոր խնդիրները քննարկել և լուծել վստահելի երկխոսության շրջանակում։ Մենք դեռ որևէ ընդառաջ քայլ այդ առումով չենք տեսել, ուստի այս ամենը ոչ մի հիմք չունի»,- ասել է Զախարովան։