ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանն, ըստ էության, սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ում, քանի որ այդ կառույցը չի կատարել հայկական կողմի նկատմամբ իր պարտավորությունները։
«Կտրականապես անընդունելի են Հայաստանի իշխանությունների կշտամբանքները՝ կապված տարածաշրջանում հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից իր մանդատը և Երևանի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետ։
Հիշեցնեմ նաև, որ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով ձևավորվել և երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկվել կազմակերպության քարտուղարության և Միացյալ շտաբի գնահատման առաքելությունը։ Արդյունքների հիման վրա նախապատրաստվել է ՀԱՊԿ Խորհրդի որոշումը՝ Հայաստանում մոնիթորինգային առաքելություն իրականացնելու վերաբերյալ։
Մենք մեղավոր չենք, որ այս հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր ռազմատեխնիկական օգնության և մի շարք այլ միջոցների տրամադրում հանրապետությանը, մտացածին պատրվակով Հայաստանի իշխանությունները մերժեցին։ Ավելին, փոխարենը Երևանը ցուցադրաբար նախընտրեց հրավիրել ԵՄ-ից կեղծ դիտորդներին։
Փաստերը շատ խոսուն են։ Դրանք կասկած չեն թողնում այդ ներկայացուցիչների աշխատանքի զրոյական արդյունավետության հարցում։ Մենք հիմք ենք ընդունում այն, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով ու պարտավորություններով: Միևնույն ժամանակ, ցավով նշում ենք, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է: Դա ակնհայտորեն չի բխում բարեկամ ժողովրդի շահերից և երկրի անվտանգության ապահովման խնդիրներից։
Հուսով ենք, որ Երևանը կգա այն ըմբռնման, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և լուծվեն հանգիստ, վստահելի երկխոսության, այլ ոչ թե հանրային տարածք անվերջ քաոսային լցոնումների միջոցով»,- ասել է Մարիա Զախարովան։