ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունից հետո Ռուսաստանի քայլերը կախված կլինեն դաշինքում Ստոկհոլմի կոնկրետ գործողություններից, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ուշադիր հետևելու ենք, թե ինչ կանի (հստակ) Շվեդիան, ինչպես կիրականացնի իր անդամակցությունը գործնականում: Ըստ այդմ՝ մենք կկառուցենք մեր արձագանքման քաղաքականությունը, ռազմատեխնիկական կամ այլ բնույթի պատասխան քայլերը՝ դադարեցնելու այդ կապակցությամբ ի հայտ եկած խնդիրները»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու արարողությունը հետաձգվում է և, ամենայն հավանականությամբ, չի կայանա մինչև հաջորդ շաբաթ։
Հունգարիայի խորհրդարանն ավելի վաղ վավերացրել էր ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը։ Վերջնական քվեարկության ժամանակ կողմ է քվեարկել 188 պատգամավոր, դեմ՝ 6-ը, չի քվեարկել 4 պատգամավոր։
Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու նոր դաշնակցի արարողությունը սովորաբար տեղի է ունենում Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Արարողությանը ստորագրվում են համապատասխան փաստաթղթերը, և բարձրացվում է դաշինքի նոր անդամի դրոշը։ Այնուհետև միանալու փաստաթուղթն ի պահ է հանձնվում Միացյալ Նահանգներին՝ փաստացի ավարտելով ՆԱՏՕ-ին միանալու պաշտոնական ընթացակարգը:
Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան