Մենք առաջին փուլում քննարկեցինք և հաստատեցինք աշխատակարգը, որով նկարագրեցինք, ըստ էության, մեր շփումների արդյունքների ամփոփման և կազմակերպման ձևը, հաստատեցինք երկու կառավարություններով: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն հարցին, թե սահմանազատման և սահմանագծման և աշխատանքները որ փուլում են, և ինչ ճանապարհային քարտեզ գոյություն ունի:
«Այս փուլում մենք քննարկում ենք համատեղ գործունեության կանոնակարգը, որն ավելի շատ մեթոդական նկարագրություն է պարունակելու, և երբ մենք այդ աշխատանքներն ավարտին հասցնենք, մենք՝ երկու երկիրն էլ, տվյալ փաստաթղթի նախագիծը կդնենք ներպետական շրջանառության մեջ՝ կախված բովանդակությունից, թե ինչ կնկարագրվի, ինչ կոնսենսուսի կգանք, ըստ այդմ այդ փաստաթուղթը կշրջանառվի որպես օրենքի նախագիծ:
Եթե մենք մեր սկզբունքային դիրքորոշումների շրջանակներում մնանք, և մեր աշխատանքները և տրամաբանությունը նախագծման փաստաթղթի բխեն Ալմա Աթայի հռչակագրից, մենք կարող ենք երկու-երեք ամսվա ընթացքում ունենալ կանոնակարգի նախագիծ, որը կպարունակի աշխատանքի մեթոդաբանություն: Մեթոդաբանությունը հաստատելուց հետո, ինչ խոսք, շատ ժամանակ կպահանջի բուն գործընթացը՝ թե՛ դելիտիմացիայի, թե՛ դեմարկացիայի, բայց, այնուամենայնիվ, բոլորիս հասկանալի կլինի, թե ինչով ենք զբաղված»,- նշեց Մհեր Գրիգորյանը: