ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց. «Օրերս դիզվառելիքի գործով անցնող ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին ճեպազրույց էր տալիս դատարանի շենքի մոտ ու որոշակի ձևակերպումներ է արել. մասնավորապես լրագրողների դիտարկմանը, որ հենց վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու պատճառով է, որ մեծ բողոքի ալիքներ առաջացան Հայաստանում, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Դրանից չի առաջացել. ես հանգիստ կարող էի գնալ մեր տուն, և իմ այդ որոշումը ոչ թե հօգուտ իմ անձի է եղել, ես դրանով փորձել եմ այդ արհավիրքը հեռացնել Հայաստանից, հայ ժողովրդից, բոլոր այն մարդիկ, որոնք պահանջել են իմ հրաժարականը, թող ասեն, թե ինչի են հասել»: Պատգամավորը հարցրեց, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է՝ ինչ արհավիրքի մասին է խոսում Սերժ Սարգսյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց հետևյալը. «Պետք է միանգամից ասեմ՝ իրականության բացահայտման ճանապարհին այդ հայտարարությունը համարում եմ օգտակար: Այդտեղ կոնտեքստից և հարցուպատասխանից զգացվում է, որ խոսքը ԼՂ խնդրի շուրջ առաջացող բարդությունների մասին է, և շատ կարևոր է, որ հիմա հետահայաց Սերժ Սարգսյանն այդ մասին հայտարարում է, որովհետև այն ժամանակ, երբ որ ինքը կայացրել է որոշում վերստին առաջադրվել վարչապետի թեկնածու, ինքն ասում է, որ այդ պահին ինքն իմացել է վերահաս արհավիրքի մասին, և, հետևաբար, սա մի հայտարարություն է, որը վերահաստատում է՝ 2018 թվականի դրությամբ ԼՂ-ի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ մեր գնահատականները, այլև նոր նյուանս է ավելացնում և վերահաստատում, ավելի ուժեղացնում է այդ գնահատականը, որովհետև եթե վարչապետի թեկնածու առաջադրվելու պահին Սերժ Սարգսյանը գիտեր մոտեցող արհավիրքի մասին, առնվազն դա զրոյացնում է այս ընթացքում նրանց այն հայտարարությունները, թե իրենք դիվանագիտական հաղթանակների իրավիճակում են եղել 2018, 2017 թվականներին, որովհետև դիվանագիտական հաղթանակների վիճակում գտնվելը չի նշանակում երկիրը հասցրած լինել վերահաս արհավիրքի իրավիճակի, որովհետև բա այդ արհավիրքը, որ 2018 թվականի հունվարի դրությամբ արդեն վերահաս էր, էդ ում գործողությունների և ում վարած բանակցությունների արդյունքում էր եկել կանգնել Հայաստանի դռան դեմ:
Այստեղ շատ կարևոր ուրիշ նյուանս կա, որ այդ դեպքում ինչո՞ւ այդ վերահաս արհավիրքի մասին չի հաղորդակցվել ՀՀ ժողովուրդը, չի տեղեկացել: Ես ուրիշ բան ձեզ ասեմ՝ պաշտոնավարման շրջանում և նույնիսկ նախագահի պաշտոնից հեռանալու պահին համարենք, որ նա պաշտոնական պարտականություններով կաշկանդված է եղել, հեղափոխություն եղել է 2018 թվականի մայիսին, ժամանակ է անցել, եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, լավ, իրադրությունը երկրում քաղաքական առումով էականորեն փոխվել է, ինչո՞ւ հանրությունը կամ Կառավարությունը չի հաղորդակցվել: Եկեք տեսնենք՝ մինչև 2018 թվականը վարված բանակցությունների ինչ պետական ինստիտուցիոնալ տեղեկատվություն կա ՀՀ-ում՝ 4 էջ, լավ, 4 չէ, մի հատ բարակ թղթապանակ: Այսօր ես պատասխանատու ասում եմ՝ հետագայում, երբ որ հարց ծագի՝ բա էս մեր շրջանում ի՞նչ է եղել, հանդիպումներ, խոսակցություններ, քննարկումներ, մտքեր, առաջարկներ, ՀՀ երբևէ որևէ իշխանություն խնդիր չի ունենալու իմանալու, թե ով որտեղ ինչ է խոսել և ինչի համար:
Բա եթե այդ արհավիրքը վերահաս էր, լավ, հրապարակային չէին կարող, աշխատանքային կարգով գրեին կամ առանց թղթի, ստորագրության գրեին, տեղեկատվություն տային, ոչ թե անընդհատ փորձեին կառավարությանը մոլորության մեջ գցեին: Ես մեկ-երկու փորձ արել եմ նախկին իշխանության ներկայացուցիչների հետ հասկանալ՝ ինչ է տեղի ունենում: Բայց ես երբ որ որպես վարչապետ շփվել եմ, հասկացել եմ, որ երբ ԱԺ պատգամավոր էի ընդդիմադիր, նույն ձևի էին այդ մարդիկ պատասխանում՝ փորձելով վիրտուալ իրականություն ստեղծել: Այդ ո՞նց է Սերժ Սարգսյանը և իր թիմը պաշտոնանկությունից հետո կարող էր իր կենցաղային հարցերով անընդհատ Կառավարությանը նամակ նամակի հետևից գրել, չէր կարող գրել՝ Կառավարություն, վերահաս արհավիրքի առաջ եք: Շատ կարևոր և շատ օգտակար հայտարարություն է արել, և ես ուզում եմ ըստ արժանվույն գնահատենք այն:
Եկեք ֆիքսենք, որ 2017 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին, 2018 թվականի հունվար-փետրվարին, մարտին, ապրիլին ՀՀ-ը և ԼՂ-ն եղել են վերահաս արհավիրքին հանդիման վիճակում»:
Փաշինյանն ընդգծեց, որ քննարկումը ժանրի մասին չէ, թե նախկիններն ինչ արեցին, ներկաները՝ ինչ. «Այս քննարկումը կարևոր է իրադրությունը իր բոլոր նրբություններով հասկանալու համար»,- ասաց վարչապետը: