Բոլոր պայմանավորվածությունները պահպանված են, այսինքն՝ կազմվել է ամփոփաթերթ, որում ներառված են եղել ստացված բոլոր կարծիքները, դիտարկումները, առաջարկությունները, և այդ ամփոփաթերթում նաև դասագրքի հեղինակը արտացոլել է իր դիրքորոշումը՝ որոնք են ընդունելի, որոնք՝ ոչ՝ համապատասխան հիմնավորումներով: Այդ մասին ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ հարցին:
«Ամփոփաթերթը հանրայնացվել է նախարարության կայքում, ինչպես և մեր պայմանավորվածությունն է, և ուղարկվել է երրորդ անկախ կարծիքի, որը մեր պայմանավորվածություններից վերջինն է: Ստացել ենք նաև անկախ մասնագիտական կարծիքը, որոշ կետերում մասնագետը համաձայնություն է հայտնել հեղինակի դիրքորոշման հետ, որոշ կետերում առաջարկել է վերանայել դրանք: Մենք այդ առաջարկներն ուղարկել ենք հեղինակին, և այժմ սպասում ենք հեղինակի վերջնական առաջարկին: Եթե այդ առաջարկներն ընդունելի լինեն, ապա դասագիրքն ամբողջությամբ զերծ կլինի որևէ անճշտություններից, վրիպակներից և խնդիրներից, և կարող է շարունակել գործածվել դպրոցներում որպես դպրոցական դասագիրք»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:
«Ե՞րբ է այն ժամկետը, երբ վերջնական հասկանալի կլինի՝ դասագիրքը շրջանառության մեջ մնո՞ւմ է, վերատեսությա՞ն է ենթարկվում, խմբագրվո՞ւմ է»,- հարցրեց Լիլիթ Գալստյանը:
«Դասագիրքը շրջանառությունից հանելու մասին որևէ խոսք չկա, որովհետև այն դիտարկումները ու այն կարծիքները, որոնք ստացվել են, որևէ նման հիմք չեն պարունակում, հետևաբար, ողջամիտ ժամկետի կարիք չկա, այդ ժամկետը կարող եք համարել հենց այս պահը: Դասագիրքը մնում է շրջանառության մեջ, և դրանում պետք է կարգավորվեն բոլոր այն խնդիրները, որոնք բարձրացված են, և մենք բոլոր անհրաժեշտ փուլերով անցել ենք: Ինչ մնում է մնացած հարցերին, ձեզ մի պարզ բան հիշեցնեմ՝ գործող դասագրքերում թռուցիկ ուսումնասիրությամբ 180-ից ավելի սխալ էր հայտնաբերվել: Դա դասագիրք է, որով տարիներ շարունակ մեր դպրոցներում սովորել են: Ես խոսում եմ գիտական սխալների ու անճշտության մասին, հետևաբար թողնում եմ ձեզ մտածելու՝ այս հանրային աղմուկը ինչքանով է հիմնավոր, և ինչքանով է ուղղորդված: Ինչ վերաբերում է նրան, որ ինչ-որ մարդիկ հայց են ներկայացրել, ես միայն ողջունում եմ: Մենք իրավական պետությունում ենք, իհարկե, մի փոքր ինձ համար բարդ է հասկանալ՝ ինչպե՛ս է դատարանը վճռելու՝ Մովսես Խորենացին առասպելներ օգտագործե՞լ է իր Պատմության մեջ, թե՞ ոչ, բայց սա արդեն, կարծում եմ՝ բոլորովին մեր տիրույթում չէ»,- ասաց նախարարը: