Ոչ մի նոր օրենք չի ընդունվել, այդ օրենքը գործում է շատ վաղուցվանից, տասնյակ տարիների մասին է խոսքը՝ առնվազն մեկ տասնյակ տարվա: Տեղի է ունեցել այլ բան, որ մինչև հիմա ԱՊՀ երկրներն իրար հետ տեղեկությունների փոխանակման գործող համակարգ չեն ունեցել, որպեսզի իրար տեղեկություններ տան փոխադարձաբար միմյանց քաղաքացիների աշխատելու տվյալների վերաբերյալ: Եվ այդ համակարգը բոլորովին վերջերս գործարկվել է: Ինչո՞ւ է գործարկվել, որովհետև օրենքը չի գործել, որովհետև մեխանիզմներ չեն եղել: Քաղաքացիներին միայն իրազեկվել է գոյություն ունեցող օրենսդրության մասին: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանի դիտարկմանը, թե հանրության շրջանում արտագնա աշխատանքի մեկնողների մասին օրենքի մասով քննարկումներ կան, թե իբրև Կառավարությունը նրանց հարկելու մասին օրենք է բերել Կառավարություն:
«2017 թվականի համեմատ Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 92 տոկոսով ավելացրել ենք՝ 1 տրիլիոնից ավելի գումարի մասին է խոսքը,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ պետք է հարկերի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը փոխել. -Եթե քաղաքացիները մտածում են, որ հարկն այն է, որն իրենց ձեռքից խլում է Կառավարությունը, սխալ ընկալում է»:
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ պետության ապագայի վերաբերյալ պետք է ձեռք բերել կոնսենսուս, և եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ պետք է շրջանցել խնդիրները, չառերեսվել հարցերին, չխոսել մարդկանց հետ, ապա ավելի մեծ խնդիրների կբախվենք: