Ներդրումներն այն կարևորագույն գործոններից են, որոնք անհրաժեշտ են համակարգի արդիականացման, սպառողներին հուսալի ու անվտանգ ծառայություն մատուցելու համար, իսկ ինչ վերաբերում է ներդրումների մեծության վերաբերյալ արժանահավատությանը, այդ ներդրումների նպատակային ծառայելու համար անընդհատ լավարկում ենք այդ գործընթացը: Վերջին տարիներին հիմնական ներդրումները, որ իրականացնում են մատակարար ընկերությունները, մինչև սակագնում ներդրվելը ենթարկվում են տեխնիկական աուդիտի: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի՝ կապիտալ ներդրումների վերաբերյալ արտահերթ հարցին:
«Աուդիտի տեխնիկական առաջադրանքում ներառված է ուսումնասիրել բոլոր շինարարական աշխատանքները և ձեռք բերվող ապրանքների և սարքավորումների գները, կատարվում է նաև շուկայական արժեքի ուսումնասիրություն, որպեսզի գնահատվի նաև արդյունավետությունը, ինչպես նաև գնահատվի՝ ինչքանով է համապատասխանում այդ ներդրումը լիցենզավորված գործունեությանը»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:
Արշակյանի խոսքով՝ նույնիսկ անզեն աչքով նկատելի է` շինարարական աշխատանքները շատ տեղերում չեն համապատասխանում որակին:
ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ իր հերթին նկատեց՝ շատ ահազանգեր են ստացվում, որ կապալառու ընկերությունները մրցութային կարգով չեն ընտրվում:
«Այստեղ առաջանում է ուռճացված ծախսերի խնդիրը»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով կապալառուների կողմից իրականացվող աշխատանքներին՝ Բաղրամյանը նշեց՝ իրենց մեթոդաբանությունը կառուցվել է այն հենքի վրա, որ առավելագույնս նվազեցվի մարդկային գործոնը:
«Մատակարար ընկերությունների մոտ, խոսքը վերաբերում է ՀԷՑ-ին ու գազամատակարար ընկերությանը, շահագործման և պահպանման ծախսերը ֆիքսված են որոշակի հաստատուն ժամանակահատվածով: Այսինքն՝ անկախ նրանից` շահագործման և պահպանման ծախսերում որքան ծախս է արել, դա ուղղակի սակագին չի ներառվում, այլ հարց է, երբ աշխատանքներն իրականացվում են ներդրումների համար: Ներդրումների համար ներգրավում ենք տեխնիկական աուդիտ, իհարկե, գազամատակարարման համակարգում՝ մի քիչ ավելի ուշ, ՀԷՑ-ի պարագայում 2020-ից այս պրակտիկան կա, և ցանկացած ներդրում մինչև սակագին ներառվելը ենթարկվում է համապատասխան տեխնիկական աուդիտի»,- պարզաբանեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն: