Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Նրան խորհրդարանում ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Գարեգին Բաղրամյանը 1995 թվականից աշխատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախ որպես տեխնիկական փորձաքննության վարչության առաջին կարգի մասնագետ: 2004-ից զբաղեցրել է հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի պետի պաշտոնը, իսկ 2011-ից՝ սակագնային քաղաքականության վարչության պետի պաշտոնը: 2018 թվականի հունիսին նշանակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, ապա` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար: 2019-ին ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ և այդ պաշտոնը զբաղեցնում է մինչ օրս: Տեխնիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ, պարգևատրվել է մի շարք մեդալներով:
ՏԿԵ նախարարը տեղեկացրեց, որ հանձնաժողովի հետ մի շարք ուղղություններով աշխատել են, և դա իր դրական արդյունքն է բերել: Ուղղություններից մեկն արևային էներգետիկայի ոլորտում համատեղ աշխատանքն է, ինչի արդյունքում ոլորտում մեծ առաջընթաց կա, արևային էներգիայի բալանսը բարձր տեմպերով ավելանում է, ինչն էներգետիկ անկախության ցուցանիշ է: Մյուս ուղղությունը վերաբերում է էներգետիկ շուկայի ազատականացմանը:
Գարեգին Բաղրամյանն իր ելույթի ժամանակ ևս առանձնացրեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման մասով իրականացված աշխատանքները: Ըստ նրա՝ ռեֆորմը կարևոր ազդակ է միջպետական առևտրի խթանման համար. «Շուկայի մեկնարկից ի վեր Վրաստանից ներկրվել է շուրջ 180 միլիոն կիլովատ-ժամ, իսկ արտահանվել` 510 միլիոն, ինչը շուրջ 10 անգամ գերազանցում է շուկայի մեկնարկին նախորդած 10 տարիների միջին տարեկան ցուցանիշը: Միջպետական առևտրի ներուժը հնարավոր կլինի ամբողջությամբ օգտագործել Հայաստան-Վրաստան նոր ենթակառուցվածքի գործարկման արդյունքում»:
Անդրադառնալով պաշտոնում ընտրվելու պարագայում անելիքներին՝ Գարեգին Բաղրամյան ասաց, որ նախատեսվում է հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի վերանայում, էներգետիկայի, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին, ինչպես նաև գազամատակարարման մասին լիովին նոր օրենքների ընդունում, էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքի վերանայում:
Ջրային համակարգի մասով նախատեսվում է լավարկել վարձակալության պայմանագիրը, այդ թվում՝ վերանայել սպասարկման որակի բարելավման, մաքրման կայանների շահագործման վերաբերյալ քաղաքականությունները:
Նաև առաջիկա 2-3 տարվա ընթացքում բնակավայրերի առնվազն 80 տոկոսում հասանելի կլինի բոլոր երեք օպերատորների փոխադարձ ներթափանցելի 4G ծածկույթ: Երևանում, Գյումրիում և Վանաձորում կներդրվի շարժական լայնաշերտ կապի 5G ցանց: