Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա, և Հայաստանը, ըստ էության, մեկ տարուց ավելի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին: Եվ հաշվի առնելով բազմիցս մեր հնչեցրած դիրքորոշումները ՀԱՊԿ-ի գործունեության կամ անգործության վերաբերյալ՝ այդ արձանագրումն իրավիճակի կոնկրետ արձանագրում է, որ այս պահին իսկապես սառեցված են հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ: Այս մասին խոորհրդարանում հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ մեկնաբանելով հարցը, թե ինչ է նշանակում հայտարարությունը, թե Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում:
Նրա խոսքով՝ հետագայում արդեն դրան կհետևե՞ն գործընթացներ, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը:
Խանդանյանը նշեց՝ խոսքը իրավական գնահատականի մասին չէ, այն քաղաքական գնահատական է և գոյություն ունեցող իրավիճակը մեկնաբանելու ձև:
Լրագրողներից մեկի հարցին՝ երբ ՀՀ իշխանությունները քաղաքական կամք կունենան և կհայտարարեն ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելու մասին, Խանդանյանը պատասխանեց՝ երբ նման որոշում կայացվի:
«Դա կամքի հարց չէ, այլ գործընթացի»,- նշեց պատգամավորը:
Հիշեցնենք՝ France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում, ըստ էության, սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի կառույցներում, քանի որ դաշինքը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները: