Խաղաղության պայմանագրի մեր խմբագրումներում ամբողջ բովանդակությունը կառուցված է այն երեք սկզբունքների հիման վրա, որոնք համաձայնեցվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև: Իհարկե, Ադրբեջանը փորձում է հետքայլ անել այդ սկզբունքներից և որոշակի դետալներ փոխելով խախտել սկզբունքների տրամաբանությունը, բայց մեր պնդումն այն է, որ այդ սկզբունքների շրջանակներում պետք է պայմանագիրը ստորագրվի, և տեքստն այդ շրջանակներում կազմվի, այդ թվում՝ և կոմունիկացիաների վերաբերյալ: Այն սկզբունքները, որ կան ապաշրջափակման վերաբերյալ՝ ինքնիշխանություն, հավասարություն և փոխադարձություն, պետք է արձանագրված լինեն համաձայնագրում: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողներին տված ճեպազրույցում, հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ զարգացումներին:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ 2023-ի վերջին հայ պաշտոնյաները լավատես էին, թե պայմանագիրը կստորագրվի այս տարի, հիմա արդյոք հավանակա՞ն է դրա ստորագրումը, Խանդանյանը նկատեց՝ հույսերը պահպանվում են, և հայկական կողմը բաց է նույնիսկ ամենաբարդ հարցերն աշխատանքային մակարդակով քննարկելուն:
«Խնդիրը Ադրբեջանի վարքագիծն է և բանակցությունների սեղան վերադառնալու ու կառուցողական դիրքորոշումներ ձևավորելու մեջ: Երբ դա տեղի ունենա, ապա, իհարկե, հույս կա, որ մոտ ապագայում հնարավոր կլինի դա անել»,- պատասխանեց Խանդանյանը:
Նրա խոսքով՝ եթե ցանկանում ենք տարածաշրջանում հասնել խաղաղության և կայունության, շատ կարևոր է նաև սպառազինությունների վերահսկումը, որի վերաբերյալ հայտարարություններ են հնչել հայկական կողմից, և որի մասին նախօրեին խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Ադրբեջանի արձագանքն այս հայտարարություններին, ըստ նրա, ցույց են տալիս նրա իրական մտադրությունները:
«Աշխարհի բոլոր երկրները զինվում են, Հայաստանն էլ է զինվում, բայց մենք գիտենք, որ մենք զինվում ենք մեր սահմանները պաշտպանելու համար: Եվ նման պայմանագրային շրջանակը, եթե դա տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև, կարող է գործուն երաշխիք լինել, որպեսզի վստահ լինենք, որ երկրները սպառազինությունները ձեռք են բերում պաշտպանվելու նպատակով»,- ասաց պատգամավորը:
Հարցին՝ Ադրբեջանն արդեն իսկ մերժել է այդ առաջարկը, ինչի՞ մասին է դա վկայում, շեշտեց՝ դա վկայում է Ադրբեջանի ոչ կառուցողական պահվածքի մասին:
«Մենք շարունակելու ենք այս գաղափարը հնչեցնել, որովհետև Ադրբեջանն էլ իր խոսույթում անընդհատ մեր զինվելու մասին է բարձրաձայնում: Մեր առաջարկը հենց դրա մասին է, որ անկեղծ ենք մեր դիրքորոշումներում, և եթե դուք ևս անկեղծ եք, ապա պետք է համաձայնեք դրան»,- նշեց Սարգիս Խանդանյանը: