Գործող «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքն ընդունվել է 2002 թվականին, որից հետո առողջապահության ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտերը ենթարկվել են բազմաթիվ էական փոփոխությունների, ուստի օրենքի և ոլորտային այլ օրենքների միջև համապատասխանությունն ապահովելու, ինչպես նաև փոխպատվաստման ոլորտում մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով մշակվել է նոր նախագիծ, որն Ազգային ժողովի՝ փետրվարի 28-ի նիստին առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:
Նախագծում կատարվող առանցքային փոփոխություններից է օրենքում օգտագործվող հասկացություններում, «ուղեղի մահ» հասկացությունից բացի, ամրագրել նաև «կենսաբանական մահ» հասկացությունը:
Ըստ նախարարի տեղակալի՝ ներկա բժշկագիտությունը հնարավորություն է տալիս երիկամի, լյարդի և եղջերաթաղանթի փոխպատվաստման նպատակով դոնորություն իրականացնել կենդանի կամ հաստատված ուղեղային մահվան փուլում գտնվող անձից հիվանդանոցային պայմաններում:
«Միևնույն ժամանակ առավել ընդունելի և կիրառելի է մահացած մարդու մարմնից՝ դիակից, եղջերաթաղանթի դոնորությունը, որն իրականացվում է դիահերձարանի պայմաններում: Ուստի մահացած մարդու մարմնից եղջերաթաղանթի դիակային դոնորության դեպքում բժշկագիտորեն անընդունելի է ուղեղային մահվան փաստի հաստատումը, քանի որ բացակայում են օրգանիզմի ֆիզիոլոգիական ֆունկցիաները և դրանց արհեստական ապահովումը բժշկական սարքավորումների միջոցով:
Բացի օրենքով սահմանված կենդանի դոնորներից վերցված, փոխպատվաստման ենթակա օրգանների ցանկից՝ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին տրվում է լիազորություն՝ սահմանելու մարդու ուղեղի կամ կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը»,- ասաց նա:
Նախագծով սահմանվել են նաև կենդանի դոնորների իրավունքները, համաձայն որոնց՝ վերջիններս օրգանական հյուսվածքը վերցնելուց հետո իրավունք ունեն գտնվել շարունակական դիսպանսեր հսկողության մեջ:
Վերանայվել են նաև կենդանի դոնորության շրջանի սահմանափակումները: Փոփոխության համաձայն՝ անձի 65 տարին լրանալը կամ հաշմանդամություն ունենալն այլևս արգելք չի լինի կենդանի դոնոր լինելու համար: