Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա ընթացքում, որպեսզի ազատ արձակի պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պահվող պատանդներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Առաջին հերթին, պահվող պատանդները պետք է ազատ արձակվեն։ Իսրայելցիները պայմանավորվել են, որ Ռամադանի ընթացքում չեն մասնակցի որևէ գործողության, որպեսզի ժամանակ տան բոլոր պատանդներին դուրս բերելու համար: Կարծում եմ, որ եթե մենք հասնենք ժամանակավոր հրադադարի, մենք կարող ենք շարժվել դինամիկայի փոփոխության ուղղությամբ»,- նշել է ԱՄՆ ղեկավարը:
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ հույս ունի, որ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնությունը ձեռք կբերվի մարտի 4-ին: