ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների աջակցության համար հատկացնել 41 միլիարդ 617 միլիոն դրամ կամ պետական բյուջեի ծախսերի 1.3%-ը։ Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
2024 թվականին նախատեսված աջակցությունը մոտ 11%-ով կամ շուրջ 4 միլիարդով ավել է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը:
2024 թվականին նախատեսվում է շուրջ 14 միլիարդ դրամ հատկացնել նախորդ տարիներին այգեհիմնման նպատակով տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը։
Կառավարությունը ծրագրում է 6 միլիարդ 348 միլիոն դրամ հատկացնել 22 հազար 908 վարկառուի գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը և 4 միլիարդ 402 միլիոն դրամ՝ գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով 285 վարկառուի տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը: