Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Արմեն Գևորգյանը փետրվարի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ընտրություններում Էստոնիայի առաջադրած թեկնածու Ինդրեկ Սաարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Հյուրը հայ խորհրդարանականներին ներկայացրել է ԵԽ գլխավոր քարտուղարի գործունեության շրջանակում իր տեսլականը, առաջնահերթությունները:
Հանդիպմանը հայկական պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին:
Պատգամավորը խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացի մասին, մտահոգություն հայտնել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության վտանգավորության վերաբերյալ, ինչը չի նպաստում խաղաղության հաստատմանը:
Սոնա Ղազարյանի խոսքով հայկական կողմի համար մտահոգիչ է այն հանգամանքը, որ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների չկատարման հարցում դարձել է կազմակերպության ռեկորդակիր անդամ:
Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ այդ հանգամանքը չի նպաստում թե' հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, թե' կառույցի ինստիտուցիոնալ կայացմանը.
«Կարևոր է, որ անդամ պետությունները հարգեն իրենց ստանձնած պարտավորություններ»:
Արմեն Գևորգյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիներին և քաղաքացիական անձանց, կարևորել նրանց` հայրենիք վերադարձը:
Արուսյակ Ջուլհակյանը խոսել է կառույցի անդամ պետությունների միջև ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված բանակցությունների կարևորության մասին` այդ հարցում ընդգծելով կազմակերպության դերակատարությունը: