Պաշտոնական այցով Իրաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել իր պաշտոնակից՝ Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Իրաքի նախագահը ողջունելով Հանրապետության նախագահին և պատվիրակության անդամներին կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից և նշել. «Հայաստանի և Իրաքի համագործակցությունը բոլոր բնագավառներում դինամիկ զարգացում է ապրում և մենք արդեն իսկ ունենք որոշակի ձեռքբերումներ մի շարք հարցերում։ Վստահ եմ, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցն Իրաք իր նպաստը կունենա մեր երկրների հարաբերությունների ամրապնդման գործում, վստահ եմ նաև, որ այցի շրջանակներում կլինեն արդյունավետ քննարկումներ և կգրանցվեն նոր հաջողություններ տնտեսության, մշակույթի, տուրիզմի, տեխնոլոգիական և այլ ոլորտներում փոխգործակցության խորացման հարցում»:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նշել է. «Մենք տեսնում ենք Ձեր ջերմ վերաբերմունքը մեր նկատմամբ, որը վկայում է մեր ժողովուրդների պատմականորեն ձևավորված բարեկամության մասին։ Իմ այցին նախորդել էր Ձեր այցելությունը Հայաստանի Հանրապետություն, որը շատ սպասված էր և պատմական։ Մենք այսօր պարտավոր ենք շարունակել սերտացնել մեր երկրների համագործակցությունն առավել ևս, որ դրա ներուժը կա գրեթե բոլոր բնագավառներում տնտեսության, կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մենք կարողացանք համատեղ նախաձեռնել Հայաստանի և Իրաքի միջև հարաբերությունների զարգացման մի նոր փուլի մեկնարկը»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և մշակույթի ոլորտներում հայ-իրաքյան համագործակցության ամրապնդման օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների փոխգործակցության ներուժի ամբողջական կյանքի կոչման հնարավորություններին և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացմանը։ Ընդգծվել է միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության կարևորությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիների համար փոխադարձաբար մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների անցկացման վերաբերյալ։
Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության և խորհրդարանական դիվանագիտության շարունակական խթանումը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանում առկա ընդհանուր իրադրությանն, այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային մոտեցումը տարածաշրջանում կայուն, տևական խաղաղության հասնելու հարցի շուրջ։ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հարևանների և գործընկերների հետ հաստատել բարիդրացիական ու կայուն հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգային հիմնարար սկզբունքների և իրավունքների գերակայության վրա։