Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մերժել է արևմտյան երկրների զորքերը Ուկրաինա ուղարկելու գաղափարը։
«Երեկ Փարիզում մենք պայմանավորվեցինք, որ բոլորը պետք է ավելին անեն Ուկրաինայի համար։ Նրան զենք, զինամթերք և հակաօդային պաշտպանություն է պետք։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Մի բան պարզ է. եվրոպական երկրներից կամ ՆԱՏՕ-ից ցամաքային զորքեր չեն լինի։ Դա վերաբերում է նաև մեզ»,- գրել է Շոլցը X-ի իր միկրոբլոգում:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ևս բացառել է գերմանացի զինծառայողներին Ուկրաինա ուղարկելու տարբերակը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, պատասխանելով Ուկրաինայում Արևմտյան երկրների զինվորականների հնարավոր տեղակայման վերաբերյալ հարցին, հայտարարել էր, որ «ոչինչ պետք չէ բացառել»։
Թեմային անդրադառնալով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը մտադիր չէ զինուժ ուղարկել Ուկրաինա։ «ՆԱՏՕ-ի դաշնակիցներն աննախադեպ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային: Սակայն Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելու պլաններ չկան»,- ասել է Ստոլտենբերգը: