Եվրախորհրդարանը քվեարկել է Ուկրաինային 50 մլրդ եվրոյի օգնության նոր հիմնադրամի ստեղծման օգտին։ Նախագծին 615 պատգամավորից կողմ է քվեարկել 536-ը, 40 պատգամավոր դեմ է արտահայտվել, 39-ը՝ ձեռնպահ մնացել:
Փետրվարի 1-ին Եվրամիությանը հաջողվել էր ստանալ նաև Հունգարիայի համաձայնությունը և պայմանավորվածություն ձեռք բերել Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն հատկացնելու մասին: Ծրագիրը նախատեսված է չորս տարվա համար։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն ակնկալում է նոր հիմնադրամից Ուկրաինային առաջին փոխանցումը կատարել մարտին: Կիևում էլ նշել են, որ 4,5 մլրդ եվրոյի չափով առաջին տրանշը ակնկալում են ստանալ մարտին՝ Ukraine Facility ծրագրի շրջանակում: