Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հարց ուղղեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ կապված արտագնա աշխատանքի մեկնողներին վերաբերող օրենսդրական նախաձեռնության հետ:
Նա խնդրեց Բադասյանին տեղեկացնել՝ ինչ փուլում են հիմա քննարկումները, և ինչ կարող են ակնկալել նրանք, ինչպես է հարցը լուծվել:
Ամբիոնին մոտեցավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, նշեց՝ հատուկ հերթագրվել էր այդ թեմայով խոսելու համար:
«Չգիտեմ՝ միտումնավոր է արվում, թե ուղղակի տեղեկատվության պակասից, բայց Կառավարությունը և Ազգային ժողովը որևէ նոր կարգավորում, օրենքի փոփոխություն չեն կատարել, որով արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները պիտի հարկվեն: Այդ դրույթը, որ իրենք պետք է իրենց՝ այնտեղ վճարած հարկի և այստեղի դրույքաչափի տարբերությունը վճարեն Հայաստանում, երկար տարիներ ի վեր գոյություն ունի:
Պարզապես այս ընթացքում այդ ուղղությամբ քայլեր չեն արվել. սա՝ մեկ: Երկրորդ՝ մարդիկ չեն հարկվել, մարդիկ պարզապես իրազեկվել են այդ դրույթի մասին, և առաջիկայում նախապատրաստում ենք փոփոխություններ, քանի որ մենք էլ ենք հասկանում, որ եթե երկար ժամանակ օրենքի դրույթը չի կիրառվել, այդ ամենը ուժի մեջ մտցնելը կարող է խնդիր դառնալ ու անսպասելի լինել մեր հայրենակիցների համար: Կարծում եմ՝ պարոն Բադասյանն էլ այս առումով ասելիք կունենա, բայց խնդրում եմ՝ մեր հայրենակիցներին մեզնից մի՛ պաշտպանեք: Դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև մենք մեր հայրենակիցների, իրենց եկամուտների և բարեկեցության մասին ձեզնից պակաս չենք մտածում»,- ասաց Թունյանը:
ՊԵԿ նախագահը, պատասխանելով Թովմասյանի հարցին, սկսեց հարցի նախապատմությունից:
Նրա խոսքով՝ հարկային օրենսդրության պատմության ամբողջ գոյության ընթացքում նույն կանոնն է գործել ռեզիդենտ հարկ վճարողների համար, որ իրենք պարտավոր են վճարել թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ շրջանակներից դուրս ստացվող եկամուտները:
Ինչ վերաբերում է բուն հարցի քննարկմանը, տեղեկացրեց՝ e-draft համակարգում երեկվանից արդեն տեղադրվել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով փոփոխություն է առաջարկվում, որով, եթե օտարերկրյա պետությունում հարկի գումարը պահվել է հարկ վճարողից, այսինքն՝ աղբյուրի երկրում, ապա ռեզիդենտության երկրում մենք տարբերության մասով հարկը չենք կիրառում:
«Սա անում ենք պարոն Թունյանի նշած պատճառով, որ եթե տարիներ շարունակ այդ դրույթը չի գործել պրակտիկայում, որոշակի բողոքների մասում կա որոշակի օբյեկտիվ տարր, օրինակ՝ տույժերի մասով: Օրինակ՝ մարդը սովոր չի եղել հայտարարագրել իր հարկային եկամուտները և վճարները և անակնկալի է եկել, երբ ստացել է ծանուցումը:
Նախագիծը ոչ թե առաջարկում է առհասարակ տույժերը վերացնել, այլ որոշակի ժամանահատվածով չհարկել տարբերությունը ՀՀ-ում, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից որևէ ծառայություն հարկ վճարողները չեն ստացել, մենք ընդամենը ծանուցագրեր ենք ուղարկել հարկային պարտավորությունների առկայության մասին՝ մեր տեղեկությունների շրջանակներում»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահը: