Այս նախագծով ներդնում ենք մրցութային ընթացակարգ, որով հնարավոր կլինի մաքսային հսկողության գոտիներում գործունեություն ծավալող մասնավոր սուբյեկտներին որևէ տարածք հատկացնելիս մրցույթ հայտարարել: Ասվածը վերաբերում է նաև դյութի-ֆրիներին՝ անմաքս առևտրի սրահներին, և նշված գործունեության մասով սահմանվում է, որ բոլոր պետական և համայնքային տարածքներում գործող անմաքս առևտրի սրահները պետք է մրցութային կարգով ընտրվեն, սահմանվում է նաև նախաորակավորման ընթացակարգ: Այս մասին «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի մտահոգություններին՝ կապված խանութներում և առևտրային մեծ ցանցերում հայ արտադրողների արտադրանքի պատշաճ ներկայացվածությանը, Բադասյանը տեղեկացրեց՝ նախաորակավորման պայմաններում անպայման տեղ է գտնելու դրույթ, որ Հայաստանում արտադրված ապրանքները որոշակի ավելի նպաստավոր դիրք են ունենալու ներմուծված ապրանքների նկատմամբ, այսինքն՝ ցուցադրված են լինելու ավելի տեսանելի, ավելի մատչելի վայրերում:
Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը նշեց՝ նախագիծը բոլոր տնտեսվարողներին հնարավորություն է տալիս մաքսատան տարածքներում վարձակալությամբ ունենալ տարածքներ և ծավալել գործունեություն: Նա տեղեկացրեց՝ նախագիծը տնտեսական հարցերի հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն, խնդրեց կողմ քվեարկել:
ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով Ռուստամ Բադասյանին, մտահոգություն հայտնեց՝ դյութի-ֆրիներում վաճառվող արտադրանքները շատ ավելի թանկ են, քան խանութում վաճառվողները, այնինչ հակառակը պետք է լինի:
Արձագանքելով պատգամավորի մտահոգություններին՝ Բադասյանը նկատեց՝ իրենք պատասխանատու չեն գնագոյացման համար:
«Դա բիզնեսի ընտրությունն է: Ամեն դեպքում, մենք չենք նկատել որևէ մի բան, որը կվկայեր, որ մեր կարգավորումներում ինչ-որ մի բան այն չէ, որ արտադրողի գինը անմաքս առևտրի սրահում ավելի թանկ է, քան Հայաստանի ներսում է վաճառվում: Եթե կլինեն այնպիսի դիտարկումներ, որ ինչ-որ բան կարող ենք փոխել, պատրաստ ենք քննարկման: Մենք ընդամենը առաջարկում ենք, որ հայրենական արտադրանքն ավելի պատշաճ ներկայացված լինի անմաքս առևտրի սրահներում»,- ասաց ՊԵԿ նախագահը: