Ես նման քննարկման մասնակից չեմ եղել, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ նրանք այնտեղից դուրս գան: Այդ մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, թե քննարկվում է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս գալու հարցը։
«Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ապացուցվել է մի քանի անգամ, որ հարկ եղած դեպքում նրանք չեն պաշտպանել:
«...Չեմ ասում, որ հաճախ նաև ձև արեցին, ամեն ինչ արեցին, որ այդ սահմանները շատ ավելի խոցելի լինեն: Եկան ԼՂ, ի՞նչ արեցին, եկան ԼՂ, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցին: Հետո էլ 5 մարդ իրադարձությունների ավարտից 2-3 ժամ հետո մահացավ, ռուս խաղաղապահներից ասացին՝ տեսա՞ք, թե մենք ոնց էինք աշխատում, մեր խաղաղապահներն էլ մահացան դրանից 5 ժամ հետո: Այսինքն՝ եկան, ուղեկցեցին հայերին դուրս, դա՞ էր պաշտպանությունը: Մի օր էլ գան, «Զվարթնոցից» ինձ ու ձեզ ուղեկցեն դո՞ւրս»,- ասաց Ալեն Սիմոնյանը: