Մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան. ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին: Չենք ուզում՝ գաք, նայեք՝ ո՞րն է այդ գոտին, դուք ՀՀ սահմանը ճանաչո՞ւմ եք: ՀՀ-ն ՀԱՊԿ-ին անդամագրվելիս ո՞ր սահմանով է անդամագրվել: Քանի դեռ այդ հարցի պատասխանը չկա, կարծում եմ,- իմ անձնական կարծիքն է,- որ ՀԱՊԿ-ն ինքնին իրեն անջատել է և չի աշխատում: Այդ մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության հետ կապված հայտարարությանը, թե այն սառեցված է:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ-ն դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, Ալեն Սիմոնյանն ասաց. «Սպասում ենք՝ ինչ կլինի:
Ուզում եմ մի քիչ վստահեք մեր քաղաքական դիրքորոշմանը և մարտավարությանը: Վստահե՛ք մի քիչ: Շատ բաներ կան՝ չեմ կարող բարձրաձայն ասել, բայց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրդովմունքը, զայրույթը և վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ լիովին կիսում եմ ես և ՀՀ իշխանությունները»:
ԱԺ խոսնակը կարծում է՝ այլընտրանքը յուրաքանչյուր միջոցով ՀՀ-ի անվտանգությունն ապահովելն է. «Երբ եկավ իքս պահը, երբ վստահ էինք, որ անհնար է, որ մեր դաշնակիցը մեզ չպաշտպանի կամ նույնիսկ թույլ տա քաղաքական մակարդակով, պարզվեց, որ մեր դաշնակիցը դա թույլ տվեց, և շատ բաների վրա աչքեր փակեց, և հետո էլ մեզ էր մեղադրում՝ ժամանակագրությունը խախտելով, թե իբր մեր քայլերի պատճառով է: Միգուցե դա իրենց երկրում հնարավոր է, որովհետև երկիրը մեծ է, և 12 ժամային գոտի կա, բայց ՀՀ-ում բոլորը գիտեն՝ երբ ինչ տեղի ունեցավ, և որ քայլից հետո ինչ տեղի ունեցավ, ուստի այդ փորձը այստեղ չստացվեց: Եվ դա հակառուսական ալիք բարձրացրեց ՀՀ-ում այն աստիճանի, որ նույնիսկ ռուս պատգամավորներին պաշտպանող ընդդիմադիրներն արդեն իրենց թույլ չեն տալիս խոսել դրա մասին»: