Նոր ընտրություններն անթույլատրելի են, դա պատասխանատվությունից փախչել է: ՀՀ քաղաքացիներն արդեն ընտրությունը կատարել են, և նման հարց չի քննարկվում և չի քննարկվել: Կրկնում եմ՝ այս դիրքորոշումը, որը ես բարձրաձայնում եմ, կարելի է ասել՝ պատասխանատու դիրքորոշում է, ու ես վստահ եմ, որ սա մեր թիմի միասնական դիրքորոշումն է: Այդ մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների մասին խոսակցություններին:
«Մենք վերցրել ենք պատասխանատվություն և մինչև վերջ կտանենք: Մենք առաքելություն ունենք. դա ՀՀ-ին և մեր տարածաշրջան խաղաղություն բերելն է, դրանից հետո ժամանակը կգա ընտրությունների, մենք կներկայացնենք մեր տեսլականը, մեր ընդդիմադիր գործիչները՝ իրենց տեսլականը, և ՀՀ ժողովուրդը կգնա կրկին ազատ, արդար ընտրություններով, որը տեղի ունեցավ 2021 թվականին, կքվեարկի և կընտրի այն իշխանությանը, որը գտնի ճիշտ»,- ասաց նա:
Անդրադառնալով առաջիկայում պատերազմի հավանականությանը՝ Ալեն Սիմոնյանը նախ ընդգծեց՝ պատերազմ կանխատեսելը անշնորհակալ գործ է, ապա հավելեց. «Մեր կողմից ամեն ինչ արվել է և արվում է, որ նման վտանգ չլինի»: