ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ տարվում է շատ վաղուց, տարվում է շատ ինտենսիվ ու շատ բացահայտ ձևով, երբ տարբեր ռուսական քարոզիչներ, ցավոք սրտի, հաճախ հայկական աղավաղված ազգանուններով Հայաստանում միտինգներ ու երթեր են անոնսում, ուստի հիբրիդային պատերազմի մասին խոսելն ուղղակի մովետոն է, քանի որ հաստատված փաստ է: Այդ մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ խոսնակը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է, և դրա մի մասն է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հավանական այցը Հայաստան:
Անդրադառնալով Զելենսկու՝ Հայաստան այցելելու մասին խոսակցություններին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Նման տեղեկություն այս պահի դրությամբ գոյություն չունի, բայց եթե նման այց լինի, կարծում եմ՝ պետք է լինի տարածաշրջանային այց, ոչ թե [այց] Հայաստան»:
Ալեն Սիմոնյանը նաև կարծիք հայտնեց, որ հայտարարությունները, թե Զելենսկու այցը միտված է խաղաղությանը, կարող է իրականանալի լինել միայն երկու երկիր՝ և՛ Հայաստան, և՛ Ադրբեջան այցելելու պարագայում. «Լիահույս եմ, որ դա դրական մի բան կբերի, եթե տեղի ունենա նման այց»: