Չի կարող իմ եղբայրը կամ ես հանցագործություն գործենք, և երկրի վարչապետը, ՍԴ նախագահը կամ որևիցե պաշտոնյա կանչի, կուլիսում քննարկի և ասի՝ գիտե՞ս ինչ, քանի որ դու ես կամ քո եղբայրն է, արի այս գործը ծածկադմբոց անենք կամ չանենք: Այդ մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով եղբոր կնոջ մասով քրգործին և նրա խափանման միջոցի ընտրությանը:
«Վստահ եմ, որ իմ բարեկամի վերաբերյալ մասը այդ գործի, կարծում եմ, ժամանակի ընթացքում պարզ կլինի, որ այդտեղ սխալմունք է տեղի ունեցել, բայց դա չի նշանակում, որ համակարգը, պետությունը կուլիսային արդարադատություն իրականացնի: Դա անհնար է, անընդունելի է»,- ասաց նա և հավելեց, որ նման հարցերը պետք է ստանան իրավական լուծում, և որ իրավական լուծումից այն կողմ որևիցե քննարկում անտեղի է:
Դիտարկմանը, թե ՔՊ-ականները, միջնոդություններ ներկայացնելով, կասկածի տակ դրեցին քննչական մարմինների գործողությունները, Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց՝ նշելով, որ ՔՊ-ն 3 մարդու միջնորդություն է ներկայացրել խափանման միջոցի մասով, ոչ թե գործի:
«ՔՊ-ն չի խառնվել՝ գործը արդար է, արդար չէ, ճիշտ է, ճիշտ չէ, ով է մեղավոր, ով մեղավոր չէ: Խափանման միջոցի մասին է [խոսքը]: Եվ ես նույնպես կարծում եմ, որ ՀՀ-ում անընդունելի է, որ դատարանը որոշում է կայացնում որևիցե մանկահասակ երեխու մոր [նկատմամբ՝ որպես] կալանք ընտրել խափանման միջոց, այն պարագայում, երբ կան տարբեր միջոցներ: Եվ ես գիտեմ, կա խոսակցություն, որ էլի նման դեպք է եղել, և ես, առիթից օգտվելով, ներողություն եմ խնդրում, որ ես չեմ իմացել դրա մասին»,- ասաց նա՝ նշելով, որ նույնը կաներ այդ դեպքում, եթե իմանար, քանի որ մանկահասակ երեխա ունեցող կնոջ նկատմամբ կալանք կիրառելն անընդունելի է համարում:
Հարցին՝ եթե պարզվի, որ մեղավոր են թե՛ Վահան Քերոբյանը, թե՛ գործով անցնող մյուս անձինք, ի՞նչ պետք է անել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ եթե մարդիկ ՀՀ-ում մեղավոր են՝ անկախ այն համգամանքից, թե ովքեր են, պետք է կրեն համապատասխան պատիժ: Դա բոլորին է վերաբերում, բայց ես հավատում եմ, որ նման բան անհնար է, որովհետև երբ ծանոթացել եմ այն ամենին, ինչ մեղսագրվում է, իմ համոզմունքն ամրապնդվել է»:
Հիշեցնենք՝ կոռուպցիոն չարաշահումների գործով 2 ամսով
կալանավորվել են «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, «Սիներջի» ընկերության ծրագրերի նախկին ղեկավար
Անի Գևորգյանը, 1 ամսով էլ կալանավորվել է ընկերության մեկ այլ աշխատակից: Հակակոռուպցիոն դատարանը
բավարարել էր քննիչի միջնորդությունը էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատախազը սեփական նախաձեռնությամբ
փոխել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոց կալանքը:
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից: