Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Տերյանի խոսքով՝ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը (BEPS) ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների համար սահմանված արտոնությունները որպես «վնասակար» հարկային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերի լուծման նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմից տրված հանձնարարականի կատարումն ապահովելու հետ:
Օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կլինի լուծել ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը ծրագրի 5-րդ միջոցառման տեղայնացման աշխատանքների շրջանակներում Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիների շահագործողների համար սահմանված արտոնությունները որպես «վնասակար» հարկային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերը:
Մասնավորապես՝ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում նախատեսվում են հետևյալ փոփոխությունները.
-
Գործող կարգավորումներով ամրագրված են գործունեության այն տեսակները, որոնք արգելված են ազատ տնտեսական գոտիներում: Սույն նախագծով նախատեսվում է սահմանել ԱՏԳ տարածքում թույլատրելի գործունեության տեսակները, որոնք ընտրվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները՝ նպաստելու տվյալ ոլորտների զարգացմանը (մշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, զբոսաշրջություն և այլն), ինչպես նաև միջազգային փորձը: Ներկայացվող նախագծով առաջարկվում է այն մոտեցումը, որ մշակող արդյունաբերության և ծրագրային ապահովման մշակման գործունեության տեսակներից բացի՝ պետք է ներառվեն նաև այն ոլորտները, որոնք ընդգրկում են Կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները: Մասնավորապես, ծառայությունների ոլորտից ներառվել են զբոսաշրջության զարգացմանը միտված գործունեության տեսակները, ինչպես օրինակ՝ հյուրանոցային ծառայությունների կազմակերպում, կացության և հանրային սննդի կազմակերպում և այլն, ինչը միտված է զբոսաշրջային կլաստերի ձևավորմանը և զարգացմանը:
-
Նախատեսվում է նաև ամրագրել, որ տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման, ազատ տնտեսական գոտու շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի հաստատման և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը, ինչը ենթադրում է, որ սույն նախագծի ընդունումից հետո անհրաժեշտ փոփոխությունները կկատարվեն նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման մեջ, մասնավորապես՝
1) կսահմանվեն պահանջներ, որոնց շրջանակներում կհավաստվի, որ այդ գործունեությունն իրականացվում է արտոնությունից օգտվող հարկ վճարողի կողմից.
2) արտոնությունից օգտվող ընկերություններից կպահանջվի ունենալ արտոնյալ գործունեությունն իրականացնելու համար բավարար քանակի և մասնագիտացմամբ աշխատողներ.
3) արտոնությունից օգտվող ընկերություններից կպահանջվի ունենալ բավարար քանակի օպերացիոն ծախսեր, որոնցով կհավաստվի իրականում գործունեություն իրականացնելու հանգամանքը.
4) կսահմանվեն նշված պահանջների նկատմամբ հսկողության կառուցակարգեր, որոնց արդյունքում պահանջներին չբավարարող շահագործողների նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ:
Միաժամանակ, ԱՏԳ շահագործողների գործարար ծրագրերի գնահատման համար կսահմանվի ուղեցույց:
Առաջարկվող նախագծով սահմանվել են նաև անցումային դրույթներ գործող ազատ տնտեսական գոտիների գործունեության չխաթարման նպատակով:
Վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև Հարկային օրենսգրքում, մասնավորապես՝ նախատեսվում է հստակեցնել շահութահարկի վճարումից ազատվելու պայմանները` ամրագրելով, որ շահութահարկի վճարումից ազատվում են ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող շահութահարկ վճարողները՝ Հայաստանի տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեությունից Հայաստանի Հանրապետության աղբյուրներից կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտների մասով:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ մենք Մեղրիում ձևավորեցինք ազատ տնտեսական գոտի, սակայն տպավորիչ արդյունքներ չունենք, հարցրեց՝ ի՞նչն է մեզ խանգարում այդ ազատ տնտեսական գոտիների լիարժեք գործարկման ու լավ արդյունքներ ստանալու համար:
«ՀՀ-ի տարածքում այսօր ունենք 4 ազատ տնտեսական գոտի, որոնցից երկուսն ակտիվ գործում են: Տնտեսվարողները բավական մեծ հետաքրքրություն են դրսևորում դրանց նկատմամբ, շահագործողների թիվը ավելանում է: Ինչ վերաբերում է Մեղրու ԱՏԳ-ին, այո՛, մենք այնտեղ խնդիրներ ունենք, որի լուծման ճանապարհային քարտեզը կա, մենք պատրաստ ենք այն ներկայացնել»,- նշեց Տերյանը:
Սերգեյ Բագրատյանը խնդրեց տվյալներ ներկայացնել՝ մինչև այս պահը Մեղրիում ինչ ծավալի աշխատանք է կատարվել, տնտեսական գործունեության արդյունքում ստացե՞լ ենք արդյոք նշանակալից արդյունքներ, որը կարող ենք ներկայացնել հասարակությանը, և եթե ոչ, ինչ ենք նախատեսում անել:
«Մեղրիի հետ կապված՝ ունենք մեկ շահագործող, որն անցած տարի դիմել էր և ստացել էր այդ հնարավորությունը: Ցավոք, նա չէր սկսել իր գործունեությունը, և դրա համար մենք նոր ռազմավարություն ենք մշակում Մեղրու ԱՏԳ-ի հետ կապված, որը մոտ ժամանակներս պատրաստ կլինի»,- մանրամասնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը:
Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը տեղեկացրեց՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել այս նախագծին, և կոչ արեց կողմ քվեարկել: