Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստը:
ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հակիրճ ներկայացրեց ԶՈՒ-ում վարձատրության կարգի փոփոխության հիմքում դրված հիմնական մոտեցումները, նշեց՝ զինված ուժերում վարձատրության գործող համակարգը դեռ ամբողջությամբ հիմնված չէ միասնական քաղաքականության վրա, առանձին դեպքերում հատվածային լուծումները փոխարինում են համակարգային մոտեցումներին:
Կառավարության նպատակն է զինված ուժերում ներդնել միասնական քաղաքականության վրա հիմնված համարժեք վարձատրության համակարգ, որի ելակետերն են վարձատրության չափը, համակարգի կառուցվածքը, և հաստիքները պետք է բխեն բանակի և կոնկրետ գործառույթի նպատակից և բնույթից: Յուրաքանչյուրը պետք է զբաղվի կոնկրետ իր գործով, և յուրաքանչյուրի ծառայության արդյունքները պետք է լինեն չափելի:
Ծառայողները պետք է համարժեք վարձատրվեն: Վարձատրության համակարգի փոփոխության առանցքային բաղադրիչներից է ԶՈՒ-ի կառավարչական կառուցվածքի և հաստիքների վերանայումը, որով կապահովվի զինված ուժերի նպատակների և կառավարչական կառուցվածքի հաստիքների ու վարձատրության պատճառահետևանքային կապը: Առաջարկվող փոփոխությունների ապահովման նպատակով որդեգրվել են հետևյալ մոտեցումները՝ զինված ուժերում գործող հաստիքները տարանջատվում են զինվորական և ոչ զինվորական հաստիքների:
«Որքան մեծ է ծառայության ռիսկայնությունը, այնքան բարձր է վարձատրությունը, ինչպես նաև՝ որքան բարձր է ծառայողի որակավորումը, այնքան բարձր է վարձատրությունը, ընդ որում՝ պահանջվող որակավորումը պետք է պարբերաբար վերահաստատվի, իսկ նվազագույն պահանջի գերազանցումը պետք է լրացուցիչ խրախուսվի: Ծառայության հետ կապված ռիսկայնությամբ պայմանավորված՝ վճարումները պետք է իրականացվեն հավելումների համակարգի միջոցով ծառայության որոշակի պայմաններում զինծառայողին վճարելով որոշակի չափի հավելում»,- մանրամասնեց Բրուտյանը:
Նրա խոսքով՝ արդար է, որ ոչ մարտական գործառույթներ իրականացնող զինծառայողների վարձատրությունը ավելի ցածր լինի, քան մարտականինը:
«Սա նաև մոտիվացիա է ոչ մարտականից մարտականին անցնելու համար»,- ընդգծեց պաշտպանության փոխնախարարը:
Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն՝ ատեստավորման համակարգի և ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկում է նախատեսվում նաև մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար, հնարավորություն է սահմանվում ատեստավորման արդյունքներով անբավարար գնահատական ստացած զինծառայողների համար՝ վերահանձնելու անբավարար գնահատված ատեստավորման արդյունքը, ինչպես նաև սահմանվում են գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները: Միաժամանակ, առաջարկվում է ատեստավորման արդյունքներով անբավարար գնահատված զինծառայողների համար ատեստավորման քննությունը վերահանձնելու հնարավորություն ընձեռել:
ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք ատեստավորման, մրցույթների ընթացքում կարողանալո՞ւ են ներդնել այնպիսի ինքնաշխատ մեխանիզմներ, որ արդարությունն ակնհայտ լինի, որ մարդու միջամտության դերը հնարավորինս քիչ լինի:
«Ատեստավորումն իրականացվելու է թեստավորման միջոցով և ավտոմատացված գործընթաց է, մարդու միջամտությունը զրոյին մոտ է, մյուս կողմից՝ հանձնաժողովում, որը գնահատում է ատեստավորումը, ներգրավված են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Այս գործիքակազմով բավարար օբյեկտիվություն ապահովվում է: Մարտականի դեպքում շարքային կազմի զինծառայողները առանց ատեստավորման ստանում են շուրջ 110 հազար դրամ, ատեստավորումից հետո կստանան 262 հազար դրամ, սա՝ «բավարար»-ի դեպքում:
Առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնելու դեպքում աշխատավարձը կավելանա 115 հազար դրամով, և շարքայինի աշխատավարձը բավարարի դեպքում կկազմի 377 հազար դրամ: Ենթասպայական կազմի դեպքում ատեստավորման և առանձնահատուկ պայմանների վճարը կկազմի 379 հազար դրամ, կրտսեր սպայական կազմի դեպքում՝ 521 հազար դրամ, ավագ սպայական կազմի համար՝ 647 հազար դրամ, բարձրագույն սպայական կազմի դեպքում կկազմի 890 հազար դրամ: Սա՝ «բավարար»-ի դեպքում:
«Լավ»-ի դեպքում շարքայինը կստանա 489 հազար դրամ, ենթասպայականը՝ 488 հազար, կրտսերը՝ 670, բարձրագույնը՝ 1 մլն 35 հազար դրամ: «Գերազանց»-ի դեպքում շարքայինը կստանա 526 հազար դրամ, ենթասպայականը՝ 528 հազար, կրտսեր սպայականը՝ 710 հազար դրամ, ավագ սպայականը՝ 839 հազար դրամ, բարձրագույն սպայականը՝ 1 մլն 75 հազար դրամ»,- մանրամասնեց Կարեն Բրուտյանը:
Հարակից զեկուցող, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը նշեց՝ այն շատ վատ վարքագիծը, որ պետությունը տարիներ շարունակ ունեցել է ԶՈՒ-ի նկատմամբ, այն է՝ վճարել գրոշներ զինվորականին ու դրա հետևանքով ինչ-որ տեղ չկարողանալ դնել այն պահանջները, որոնք պետք է դրվեն, այդ վարքագծին վերջ են տալիս:
Նա հիշեցրեց՝ շարքային պայմանագրայինը ատեստացիան գերազանց հանձնելու դեպքում կարող է ստանալ 520 հազար դրամի կարգի աշխատավարձ, որոշակի դեպքերում էլ նույնիսկ դրան կարող են լինել հավելումներ:
«Սա կտրուկ տարբերվում է նախկինում մեր պետության ունեցած գործելաոճից, որը ենթադրել է, որ շարքային պայմանագրայինը պետք է ստանա միջինացված 150-180 հազար դրամ աշխատավարձ, ինչը եղել է աննորմալ, ինչը եղել է անբնական, ինչը եղել է անարդար:
Սա է մեր որդեգրած քաղաքականությունը: Սա ճիշտ ճանապարհ է, սա Հայաստանի բանակի մարտունակությունը բարձրացնելուն միտված ճանապարհ է, և մենք շարժվելու ենք այս ուղղությամբ»,- հայտարարեց Ալեքսանյանը: