Ռուսական ուժերն առաջ են շարժվել Բախմուտի ուղղությամբ և գրավել են Իվանովսկոյե գյուղի մի մասը։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ազգային գվարդիայի 4-րդ օպերատիվ բրիգադի գումարտակային մարտավարական խմբի հրամանատար, գնդապետ Սերգեյ Սիդորինը:
Զինվորականը նշել է, որ Բախմուտի ուղղությամբ ռուսական բանակը մեծացնում է իր ուժերը հարձակողական գործողություններ իրականացնելու համար։ Անցած 24 ժամվա ընթացքում հակառակորդի հետ 8 մարտական բախում է տեղի ունեցել;
Նրա խոսքով՝ ռուսական բանակի հարձակողական գործողություններին մասնակցում է ավիացիան՝ հարվածներ հասցնելով ինչպես առաջնագծում, այնպես էլ ուղղակիորեն Չասով Յար բնակավայրին, որտեղ մեծ թվով խաղաղ բնակչություն է մնացել։ Սիդորինը հավելել է, որ հակառակորդը բազմաթիվ ռեզերվներ ու տեխնիկա ունի։
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ ուկրաինացի զինվորականները նահանջել են Դոնեցկի մարզի Լաստոչկինո գյուղից, որը գտնվում է Ավդեևկայից մի քանի կիլոմետր հեռու: