Վաշինգտոնը «մտահոգություններ ունի» նոյեմբերին նշանակված ԱՄՆ նախագահի ընտրությանը Ռուսաստանի հնարավոր միջամտության առիթով։ Այդ մասին ամերիկյան NBC News հեռուստաալիքի Meet the Press հաղորդման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Այսօր ես չեմ կարող խոսել ապացույցների մասին։ Բայց կարող եմ ասել, որ, իհարկե, մտավախություններ կան։ Նախապատմություն կա նախագահի ընտրության առումով, որը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, նրա հետախուզական ծառայություններին։ Անհանգստանալու բազմաթիվ պատճառներ կան»,- ասել է Սալիվանը:
Նա հավելել է, որ Սպիտակ տունը «զգոն» է լինելու՝ կանխելու միջամտությունն ընտրությանը և կհամագործակցի Կոնգրեսում երկու կուսակցության ներկայացուցիչների հետ, «քանի որ ազգային անվտանգությունը պետք է վեր լինի քաղաքականությունից»։
ԱՄՆ նախագահի ընտրությունը նախատեսված է 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 15-ին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի հեղինակ Պավել Զարուբինի հետ հարցազրույցում պատասխանել էր հարցին, թե ով է նախընտրելի Ռուսաստանի համար որպես ԱՄՆ նախագահ՝ պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդե՞նը, թե նրա նախորդը՝ Դոնալդ Թրամփը:
«Բայդենը: Նա ավելի փորձառու է, կանխատեսելի, նա հին դպրոցի քաղաքական գործիչ է: Բայց մենք կաշխատենք ԱՄՆ ցանկացած առաջնորդի հետ, ում կվստահի ամերիկյան ժողովուրդը»,- ասել է ՌԴ նախագահը: