Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում դադար է եղել, սակայն տեքստի վրա աշխատանքները շարունակվել են։ Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է, որ Մյունխենում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումից հետո որոշում է կայացվել վերսկսել գործընթացը։ «Առաջիկա օրերին հայկական պատվիրակության հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են նախատեսվում»,- մանրամասնել է նախարարը։
Բայրամովն անդրադարձել է սահմանային լարվածությանը, նշել, թե իբր վերջին 5 ամիսների ընթացքում սահմանին խաղաղություն էր տիրում՝ չնայած որևէ պայմանավորվածություն ձեռք չէր բերվել։ «Որոշ շրջանակների մտահոգում էր այդ անդորրը, նրանք անում են հնարավորը՝ լարվածություն ստեղծելու համար»,- կարծիք է հայտնել ադրբեջանցի դիվանագետը։
Սահմանին լարվածության աճի համար նա մեղադրել է Հայաստանի տարածքում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը և սահման այցելող արևմտյան դիվանագետներին։ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունները և Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան Բայրամովը որակել է սադրիչ՝ նշելով, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն անհանգստացնում է որոշ դերակատարների:
Մանրամասները՝ ռեպորտաժում: