2024 թվականի փետրվարի 26-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել որ Գյուլբենկյան 30/3 շենքի մոտ սև տոպրակով կասկածելի իր է դրված։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Դեպքի առթիվ ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են, դրանց բնույթն ու նշանակությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով առգրավվել են տարածքը տեսանկարահանող տեսանկարահանման սարքերը, կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ։
Քննչական նույն բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնված նաև փետրվարի 22-ին Երևան քաղաքի Գ.Գյուլբենկյան փ. 33 շենքի դիմացի հատվածում զինամթերքի նմանվող առարկաների հայտնաբերման դեպքի առթիվ։ Դրանով նախաքննությունը ևս շարունակվում է։
Երկու դեպքերով էլ քննություն է իրականացվում նշված առարկաները համապատասխան հասցեներում տեղադրած անձանց հայտնաբերելու, քննության համար էական նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հետաքննության մարմնին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն
ահազանգ էր ստացվել ժամը 13:40-ի սահմանում, անմիջապես Գյուլբենկյան 30/3 հասցե էին մեկնել օպերատիվ-քննչական խմբեր: