Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը փետրվարի 26-ին պատգամավորական մանդատը վայր է դրել: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ինչպես գիտեք՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը ԱԺ պատգամավորին տալիս է 7-օրյա ժամկետ, ես այսօր մանդատս վայր եմ դրել։ Ենթադրում եմ, որ Ազգային ժողովի նախագահն այսօր համապատասխան հայտարարություն կանի։ Երբ մանդատս պաշտոնապես վայր դրած կլինեմ, բնականաբար, այդ պահից հետո հնարավոր կլինի նշանակումը կատարել»,- նշել է Պապոյանը։
Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի պաշտոնում իր նախատեսվող նշանակմանը՝ նա ասել է, որ էկոնոմիկայի նախարարությունն ամենամեծ կառույցներից մեկն է, և շատ դժվար է լինելու։
«Մենք գործ ունենք տնտեսության հետ, մենք գործ ունենք տարբեր ոլորտների հետ, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, նաև աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից»,- ասաց Գևորգ Պապոյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, ՔՊ կուսակցության վարչությունը հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Վահան Քերոբյանն ազատվել էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնից:
Քերոբյանին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում շահադիտական նկատառումներով նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու կամ ազդեցություն կիրառելու հոդվածով՝ «Սիներջի» ընկերության հետ կապված գործով:
Էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ:
Փետրվարի 16-ին դատարանը Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը: