Արձանագրությամբ սահմանվում է ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման նպատակով ֆինանսական միջոցների ձևավորման ընթացակարգը, ինչպես նաև ամրագրվում է այդպիսի նախագծերի ընտրության ու իրականացման կարգը: Սահմանվում է նաև ֆինանսական աջակցության ձևաչափը` Եվրասիական միջկառավարական և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդների որոշումներով: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Նարեկ Տերյանը: Նա պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագիծը:
Նշվել է, որ փաստաթուղթը ստորագրվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից 2023 թվականի մայիսի 25-ին, Մոսկվայում:
Զեկուցողի խոսքով՝ նախաձեռնությամբ ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության ոլորտներում կոոպերացիոն ծրագրերի իրականացման համար կստեղծվի ֆինանսական աջակցության նոր գործիք: Նախատեսվում է նաև բարձր տեխնոլոգիական, նորարական և մրցունակ արտադրանք ստեղծելու նպատակով ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցություն իրականացնելու միջոցով խթանել փոխշահավետ կոոպերացիոն ծրագրեր:
«ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 20-22 մլն ԱՄՆ դոլար: Դա այն բյուջեն է, որը նախատեսվում է սուբսիդավորման համար»,- ընդգծել է Նարեկ Տերյանը: Ըստ նրա` մեկ ծրագրի տարեկան սուբսիդավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել շուրջ 3,8 մլն ԱՄՆ դոլարը: Ֆինանսական աջակցության ծրագիրը կգործի 5 տարի:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` զեկուցողը նշել է, որ այս պահին ԵԱՏՄ-ում իրականացվում է նման նախագիծ` «Էլեկտրոբուս», որին մասնակցում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: «Այդ նախագիծը կարող է դիտարկվել որպես այս ծրագրի շահառու»,- նման կարծիք է հայտնել Նարեկ Տերյանը: Ըստ նրա` տնտեսվարողների հետ քննարկվում է այն հարցը, թե ինչպիսի կոոպերացիոն ծրագրեր կարելի է իրականացնել: Նշվել է, որ հիմնական հետաքրքրվածությունը ցուցաբերվել է մետալուրգիայով զբաղվող ընկերությունների կողմից:
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը, ողջունելով նախաձեռնության գաղափարը, նշել է. «Այն հնարավորություն կարող է ստեղծել ԵԱՏՄ շրջանակում մեծացնելու մեր գործունեության շրջանակները»: Պատգամավորի կարծիքով Էկոնոմիկայի նախարարությունը պետք է իրազեկման աշխատանքներ իրականացնի գործարար ոլորտի ընկերությունների շրջանում:
Հարցը քննարկվել է տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 26-ի նիստում, ստացել դրական եզրակացություն: