Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել է Բելառուսում ԱԺ Ներկայացուցիչների պալատի պատգամավորների և պատգամավորների տեղական խորհուրդների առաջին միասնական ընտրությանը, քվեարկությունից հետո պատասխանել լրագրողների հարցերին։ Բելառուսի ղեկավարի պաշտոնը 1994 թվականից զբաղեցնող Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել 2025 թվականին նախատեսված հանրապետության նախագահի ընտրությանը: Նրա խոսքով՝ ավելի թափանցիկ, արդար և սկզբունքային ընտրություններ, ինչպիսին Բելառուսում են, ուրիշ ոչ մի երկրում չկան։
Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցին։ «Մինսկը բացարձակ հանգիստ է արձագանքում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ հայկական կողմի հայտարարություններին։ Եթե Հայաստանը մնա ՀԱՊԿ կազմում, ապա կաջակցենք՝ որպես մեր դաշնակցի, եթե չցանկանան մնալ ՀԱՊԿ-ում, այն չի քանդվի»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ անդամակցությունը չեղարկելու հարցով պաշտոնական ծանուցումներ Երևանից չեն ստացվել։ Լուկաշենկոն պնդել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններին միջամտելու առիթ ՀԱՊԿ-ը չի ունեցել, ուստի կառույցից նեղանալու պատճառներ չեն կարող լինել։
«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ բոլոր անդամների համար էլ Ադրբեջանը օտար երկիր չէ, հայերն էլ մեր բարեկամ ժողովուրդն են։ Ի՞նչ կարող էինք անել։ Կարծում եմ՝ այդ երկրներն այժմ խնդրի լուծման ճիշտ ուղու վրա են»,- նշել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը հայտարարել է, թե իբր Իլհամ Ալիևը տարիներ շարունակ խաղաղ կարգավորման կոչեր ու առաջարկներ է արել, ինքն էլ փաստացի միջնորդի դեր է խաղացել Երևանի և Բաքվի միջև։
Նա ուշադրություն է հրավիրել նաև Երևան-Փարիզ գործակցության վրա, դժգոհություն հայտնել, որ Ֆրանսիան ռազմական աջակցություն է տրամադրում Հայաստանին։ Լուկաշենկոն խորհուրդ է տվել Հայաստանին չխաբվել և չկորցնել այն, ինչ արդեն ունի։
Մանրամասները՝ ռեպորտաժում: