Չինաստանը Վրաստանի քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստին, հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Վրաստանի քաղաքացիներն այժմ կարող են առանց վիզայի Չինաստանում մնալ մինչև 30 օր անընդմեջ։
«Այս որոշումը մեծ նշանակություն ունի, քանի որ այն ոչ միայն հեշտացնում է մեր համաքաղաքացիների ճանապարհորդությունը, այլև նոր ուղիներ է բացում Վրաստանի և Չինաստանի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացման համար:
Ավելին, այս դրական զարգացումը Վրաստանի և Չինաստանի միջև անցյալ տարի հաստատված ռազմավարական գործընկերության համաձայնագրի շոշափելի արդյունքն է։ Շնորհավորում եմ իմ համերկրացիներին և շնորհակալություն հայտնում չինացի ընկերներին ու Չինաստանի իշխանություններին այս ուշագրավ որոշման համար»,- ասել է վարչապետը։
Չինաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը Վրաստանում ուժի մեջ է մտել 2023 թվականի սեպտեմբերի 11-ից։
Վրաստանը և Չինաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ստորագրել են 2023 թվականի հունիսին։