Նոր Նորք վարչական շրջանում շուրջ 50 հեկտար տարածք է ուսումնասիրվել, և կադաստրային քարտեզների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 5 հեկտարը տրամադրվել է Կենդանաբանական այգուն տարածքների ընդլայնման համար, իսկ 36 հեկտարը համայնքային սեփականություն է, ըստ Երևանի գլխավոր հատակագծի՝ ներառված է կանաչապատման ենթակա տարածքների ցանկում: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
«36 հա տարածքում հայտնաբերվել են մի քանի տասնյակ ինքնակամ կառուցված շինություններ, այդ թվում՝ բնակելի տներ, հասարակական շինություններ, ավտոտնակներ և այլ օժանդակ շինություններ: Համայնքային տարածքի զգալի հատվածն ինքնակամ կերպով սահմանազատված և ցանկապատված է: Բացի ցանկապատվածից՝ ընդհանուր առմամբ ինքնակամ շինություններով զբաղեցված է տարածքի շուրջ 4 հեկտարը»,- ասաց նա և հավելեց, որ նշված տարածք այցելությունից հետո պարզ է դարձել, որ հատվածի սկզբնամասում կան 4 մեծ ու փոքր բնակելի տներ, ցանկապատված է շուրջ 2,1 հեկտար տարածք:
Այգու սկզբնամասում՝ Գայի պողոտային հարող տարածքում, կա 1900 քառակուսի մետր տարածք, որը, ըստ քաղաքի գլխավոր հատակագծի, կանաչապատման ենթակա տարածք է:
«Անհասկանալի է, թե ինչպես է ընդհանուր օգտագործման համար նախատեսված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի այդ հատվածը մասնավորեցվել: Դրա շարունակվող մասում՝ շուրջ 2 հեկտարի վրա, առկա են ցանկապատված տարածքներ: Ցանկապատված է այդ հատվածում շուրջ 10 տարածք, որոնցից 4-ում առկա են տնակներ»,- ասաց Բեգոյանը և հավելեց, որ 4 տնակներում ապրում են բնակիչներ, որոնցից 1-ում՝ ընտանիք:
Համայնքային սեփականություն հանդիսացող 36 հեկտար հողակտորից 26 հեկտարը պատրաստ է կանաչապատման: Ջուր չկա տարածքում, բայց տարածքների ազատումից հետո կազմակերպությունը պատրաստ է ոռոգման ջուր անցկացնել, իսկ մյուս գարնանը շուրջ 26 հեկտարի վրա իրականացնել քաղաքային ուրբան անտառի հիմնում:
«Նման մեծ ծավալի վրա քաղաքային անտառի հիմնումը խիստ դրական ազդեցություն է ունենալու ոչ միայն տվյալ հատվածի՝ Նոր Նորք վարչական շրջանի, այլև Կենտրոն վարչական շրջանի օդի որակի վրա»,- ասաց Բեգոյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց հենց այս շաբաթվա ընթացքում 26 հեկտարի բոլոր քոլիկները վերացնել: Նշեց, որ տասնամյակներով Երևանը կորցրել է ահռելի ծավալով կանաչապատ տարածք, և որ տարբեր արդարացումներով վերջ չի դրվել կանաչապատ տարածքների հաշվին անկանոն կառուցապատմանը։
«Արդեն նվազագույնը 1-2 տարի է, որ վերջ է դրվում այդ տրամաբանությանը։ Եվ նորից կրկնեմ՝ Երևան քաղաքից զավթած հողը նույնպես գողություն է։ Հետևապես, այն, ինչ հանրային է, պետք է մնա հանրային, այն, ինչ կանաչ տարածք է, պետք է մնա կանաչ տարածք»,- եզրափակեց Ավինյանը: