Կոնդ թաղամասում գտնվող շենք-շինությունների, հողամասերի օրինականացման վերաբերյալ կա 254 դիմում, որոնց մասով Երևանի քաղաքապետարանն ունի 154 քաղաքապետի որոշման նախագիծ և 25 քաղաքապետի որոշում: Քաղաքացիները 25 որոշումների մասով արդեն իսկ ծանուցվել են վճարումների վերաբերյալ, սակայն այս պահի դրությամբ վճարման անդորրագրեր չկան: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ առաջիկայում քաղաքաշինական նոր ծրագիր իրականացնելու համար Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման. «Նախաձեռնության տրամաբանությունն այն էր, որ կոնդեցիներն իրենց իրավունքները կարողանան հնարավորինս առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով, որ տասնամյակներով հատվածներ՝ իրենց փաստացի սեփականության, իրենց սեփականությունը չէր հանդիսացել»:
Հայկ Մուրադյանը տեղեկացրեց, որ գոտիականության կադաստրային արժեքը 214 հազար կամ 199 հազար դրամ է: 25 դեպքերի մասով կան 100 հազարից մինչև 650 հազար դրամի վճարի ենթակա գումարներ:
Տիգրան Ավինյանը հիշեցրեց՝ քաղաքաշինական ծրագիր էր նախատեսվում, հետևաբար պետք է կապել քաղաքացիներին այդ ծրագրի հետ և որոշակի լուծումներ գտնել: