Մինսկը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին դիմում չի ստացել: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա Հայաստանին խորհուրդ է տվել չշտապել դուրս գալ ինտեգրացիոն կառույցներից: Բելառուսի նախագահը կարծում է, թե պաշտոնական Երևանը հուզական հայտարարություն է արել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը
սառեցնելու մասին:
«Ամենակարևորը՝ մենք ոչ մի պաշտոնական ծանուցում չենք ստացել, որ Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրները միանգամայն հանգիստ կարձագանքեն համապատասխան ծանուցմանը:
«Եթե նրանք չեն ցանկանում լինել ՀԱՊԿ-ում, այն չի փլուզվի, չի քանդվի»,- ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն հավելել է, որ ՀՀ վարչապետն իրավասու չէ ընդունել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու որոշում։
«Հայաստանի կառավարման համակարգն այնպիսին չէ, ինչպիսին Բելառուսինը: Փաշինյանը չի կարող կայացնել դուրս գալու-չգալու որոշում: Այնտեղ խորհրդարանն է որոշում կայացնում»,- ասել է նա։