Ուկրաինայի կառավարության պատվիրակությունը՝ վարչապետ Դենիս Շմիհալի գլխավորությամբ, մեկնել է Լեհաստանի հետ սահման՝ հանդիպելու լեհական պատվիրակության հետ և քննարկելու լեհ փոխադրողների կողմից սահմանի արգելափակման հարցը։
Լեհական պատվիրակությունը, սակայն, հանդիպմանը չի ներկայացել։
Ավելի վաղ՝ Վարշավայի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու առաջարկով էր հանդես եկել Վոլոդիմիր Զելենսկին՝ հնարավորինս արագ լուծելու ստեղծված իրավիճակը, Լեհաստանին նախագահ Անջեյ Դուդան տվել էր իր համաձայնությունը։
Վարչապետ Դոնալդ Տուսկը, սակայն, հայտարարել է, որ երկու երկրի կառավարությունների անդամների հանդիպումը կանցնի մարտի վերջին Վարշավայում։
Լեհ ֆերմերները բողոքի ցույցեր են անցկացնում փետրվարի սկզբից՝ պահանջելով արգելել Ուկրաինայից գյուղմթերքի ներմուծումը՝ հաշվի առնելով, որ դրանց ցածր գների պատճառով Լեհաստանում մրցակցային անառողջ միջավայր է ստեղծվել։ Բողոքի ակցիաների մասնակիցները դեմ են նաև ԵՄ գյուղատնտեսական քաղաքականությանը, «կանաչ համակարգի» ներդրմանը և բնապահպանական ու կլիմայական մի շարք պահանջներին։