Մեծ Բրիտանիան նույնպես նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայում պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ: Փաթեթը վերաբերում է ավելի քան 50 ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կապված են ռուսական պաշտպանական ձեռնարկությունների, Էլեկտրոնիկա արտադրող ընկերությունների, ինչպես նաև նավթային և ալմաստի բիզնեսի հետ:
Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել զինամթերք, պայթուցիկ նյութեր, հրթիռային կայաններ և հրթիռներ արտադրողները։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնի՝ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման մասին հայտարարության մեջ ասվում է նաև, որ նոր միջոցները նպատակ ունեն առավելագույն վնաս հասցնել Ռուսաստանի տնտեսության եկամուտներին:
Մեծ Բրիտանիան մտադիր է էլ ավելի սահմանափակել մետաղների, ալմաստների և էներգակիրների ռուսական առևտուրը։
Քեմերոնի խոսքով՝ Պուտինը հույս ուներ Ուկրաինայի նկատմամբ արագ հաղթանակ տանել՝ հիմնվելով ուկրաինականի նկատմամբ ռուսական տնտեսության առավելության վրա, սակայն նա հաշվի չառավ, որ Ուկրաինայի բարեկամների տնտեսությունները 25 անգամ գերազանցում են իր սեփականը։