ՌԴ ԱԳՆ-ն նույնպես արձագանքել է France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը գործնականում, ըստ էության, սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի կառույցներում, քանի որ դաշինքը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները:
Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Դրանից ելնելով՝ «Մոսկվան ակնկալում է Երևանի սպառիչ պարզաբանումները, թե ինչ է նշանակում ՀԱՊԿ-ի կառույցներում Երևանի «մասնակցության սառեցման» մասին Փաշինյանի խոսքը»:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Մոսկվան կտրականապես չի ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները ՀԱՊԿ-ի՝ Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորությունները իբր չկատարելու վերաբերյալ»:
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ Երևանը ցուցադրաբար նախընտրել է ՀԱՊԿ առաքելության փոխարեն ԵՄ-ից դիտորդներ հրավիրել:
Մոսկվան հույս է հայտնել, որ «Երևանը կհասկանա, որ առկա մտահոգությունները պետք է լուծվեն վստահության վրա հիմնված երկխոսության միջոցով»։