«Ուկրաինայում պատերազմի կապակցությամբ Հայաստանը սկզբում բավականին զգույշ էր, բնականաբար, Ռուսաստանի հետ ձեր հարաբերություններից ելնելով: Արդյոք երկու տարի անց կարծո՞ւմ եք, որ դա արդար պատերազմ է Ռուսաստանի կողմից»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել France 24-ի թղթակիցը:
«Ես ասացի, որ մեզ համար շատ կարևոր է Ալմա-Աթայի հռչակագիրը, որոհետև Ալմա-Աթայի հռչակագիրն ինչի՞ մասին է: Ալմա-Աթայի հռչակագիրը երկու առանցքային բանի մասին է: Ընդ որում, Ալմա-Աթայի այդ հռչակագիրը ստորագրել են և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, և՛ Ադրբեջանը: Ընդ որում, Ալամա-Աթայի այդ հռչակագիրը սկսվել է Բելովեժյան համաձայնագրից, որը ստորագրել են Բելառուսը, Ռուսաստանը և Ուկրաինան: Այդ համաձայնագիրը, որը հետագայում Ալմա-Աթայում Խորհրդային միության նախկին ևս ինը հանրապետություններ միացել են, երկու բանի մասին է, որ Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ, և երկրորդը, որ ստորագրած խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ պետություններ, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հիմա Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ, որը նաև մեր անվտանգության համար է շատ կարևոր, մենք տեսնում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ալմա-Աթայի հռչակագրի խախտում է, և մեզ, ըստ էության, լրջորեն անհանգստացնում է»:
Հարցին` արդյոք, արևմտյան երկրներն իրեն պարտադրո՞ւմ են Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներին միանալ, արդյոք Հայաստանից ապրանքներ մտնո՞ւմ են Ռուսաստան, և արդյոք արևմտյան երկրները ճնշում են գործադրում իր վրա, որպեսզի ավելի լայնորեն միանաք պատժամիջոցներին, վարչապետը պատասխանել է.
«Հարաբերությունների այդպիսի ռեժիմ՝ միանալ, չմինալու մենք չունենք, բայց մյուս կողմից՝ մենք հաշվի ենք նստում առկա պատժամիջոցների հետ, որովհետև ոչ թե մեզ ճնշում են կամ մեզնից պահանջում, եթե մենք սանկցիաները չպահենք, չպահպանենք, դա կազդի մեր հարաբերությունների վրա այն երկրների հետ, որոնք այդ սանցիաները կիրառում են: Իսկ այդ երկրների հետ հարաբերությունները կարևոր են:
Շատ ուրախ եմ, որ այդ հարցը տալիս եք, որովհետև, մասնավորապես, Եվրամիությունում ժամանակ առ ժամանակ հնչում են մեղադրանքներ, թե Հայաստանը պատժամիջոցները չի պահպանում, որ Հայաստանը պատժամիջոցների ռեժիմը խախտում է, բայց կարող եմ ասել, որ մենք այս ընթացքում, վերջին անգամ 2023 թվականին մի քանի անգամ պատվիրակություններ ենք ունեցել Եվրամիությունից և Միացյալ Նահանգներից, որոնց այցելության նպատակը հետևյալն է եղել, թե ինչքանով է Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ իր միջազգային հարաբերություններին և պարտավորություններին, ինչպես է հարաբերվում այդ սանկցիաների հետ: Եվ պետք է արձանագրենք, որ ո՛չ Եվրամիությունը, ո՛չ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր նկատմամբ որևէ վերապահում չեն ներկայացրել: Ընդհակառակը՝ պաշտոնապես արձանագրել են, որ սանկցիաների համատեքստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ոչ մի վերապահում չունեն:
Բայց, ցավոք, քանի որ սրա մասին շատ չի խոսվում, մենք էլ այդ թեման, այսպես ասած, շատ չենք բարձրաձայնում, որովհետև դա աշխատանքային հարց է, Եվրամիության մի շարք երկրներում և նաև լրատվամիջոցներում թերևս Հայաստանի նկատմամբ գուցե որոշ շրջանակների մատուցած սխալ տեղեկությունների, հակաքարոզչություն և դեզինֆորմացիա տարածելու հիման վրա երբեմն հնչում են հայտարարություններ՝ մեղադրելու Հայաստանին: Բայց նորից եմ ասում՝ պաշտոնապես արձանագրվել է և՛ Եվրամիության, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որ Հայաստանին այս հարցում մեղադրելու որևէ հիմք չկա»: