Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Մարյինկայից հարավ-արևմուտք գտնվող Դոնեցկի շրջանի Պոբեդա գյուղի գրավման մասին։
«Հարավային ուժերի խմբավորման ստորաբաժանումները բարելավել են իրավիճակը առաջնագծում և Դոնեցկի Նովոմիխայլովկա և Կրասնոխորովկա բնակավայրերի շրջաններում ջախջախել են ուկրաինական 92-րդ գրոհային, 79-րդ օդային գրոհի, 46-րդ ավիացիոն բրիգադները»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Ուկրաինացի զինվորականները չեն մեկնաբանել ռուսական գերատեսչության հաղորդագրությունը։ Միևնույն ժամանակ, «Տավրիա» խմբավորման հրամանատար Ալեքսանդր Տարնավսկին հայտարարել է, որ «Մարյինկայի ուղղությամբ պաշտպանական ուժերը շարունակում են հակառակորդին պահել Գեորգիևկայի, Պոբեդայի և Նովոմիխայլովկայի շրջաններում»։ Պոբեդա գյուղը գտնվում է Մարյինկայից հարավ, 2001 թվականի մարդահամարի տվյալներով այնտեղ բնակվում էր 144 մարդ։
Գյուղի գրավման մասին նախօրեին հայտնել էր Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW): Ռուսական և որոշ ուկրաինական աղբյուրներ պնդում են, որ փետրվարի 20-ին ուկրաինական զորքերը լքել են Պոբեդան, գրում է ISW-ն։
Պոբեդայի գրավումը թույլ կտա ռուսական զորքերին հարձակողական գործողություններ իրականացնել Ուգլեդարի ուղղությամբ, գրավել քաղաք տանող Ուկրաինայի ցամաքային կապի գծերը, նշում է ISW-ն։