Ֆրանսիայի նախագահի որոշումներից մեկն է՝ աջակցել Հայաստանին, Հայաստանի ՊՆ-ին, և այս պահին առաջնահերթություն է ձեռք բերել նյութերը, սպառազինությունը և վերապատրաստումը այդ ամենը կիրառելու համար: Այդ մասին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի ԶՈՒ ղեկավար Սեբաստիեն Լըկորնյուն՝ արձագանքելով Հանրային հեռուստատեսության լրագրողի հարցին, թե կարելի՞ է ակնկալել զինամթերքի արտադրության ոլորտում հեռանկարների քննարկում Հայաստանի հետ՝ հաշվի առնելով, որ զինամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները Հայաստանում են:
«Իրականությունն այն է, որ Ֆրանսիան պատմականորեն իր բանակի մոդելով, որը դը Գոլն է ձևավորել, սուվերեն բազա ունի, և այն ամենը, ինչ մենք սպառում ենք, այն ամենը, ինչ մենք գնում ենք, Ֆրանսիայում է արտադրվում: Սա շատ առանձնահատուկ մոդել է Եվրոպայում, որովհետև մենք այս արդյունաբերական ինքնավարության և ռազմավարության մեջ ենք, և մենք կարող ենք որոշել արտահանումը: Սա ֆրանսիական առանձնահատկություն է, որը նաև մեզ հնարավորություն է տալիս շատ ինքնավար դիվանագիտություն ունենալ: Սա մեր պատմությունից է գալիս:
Այն ուղղություններում, որ որոշումներ են կայացվել նախագահի կողմից, որոշումներից մեկն է նաև՝ աջակցել Հայաստանին, Հայաստանի ՊՆ-ին, և այս պահին առաջնահերթություն է՝ ձեռք բերել նյութերը, սպառազինությունը և վերապատրաստումը այդ ամենը կիրառելու համար: Առաջնահերթությունը սա է: Ահա թե ինչու մի շարք նամակներ և փաստաթղթեր ստորագրվեցին:
Չենք կարող, իհարկե, խոսել սահմանների պաշտպանության մասին՝ առանց որոշակի վերահսկողական նյութերի, այսինքն՝ ամեն անգամ օպերատիվ կարիքներից ենք ելնելու, որը կարտահայտվի մեր հայ գործընկերների կողմից, և մենք պետք է համապատասխան առաջարկներն անենք՝ ըստ այդ կարիքների, լինի դա սպառազինությո՞ւն, թե՞ վերապատրաստում պաշտպանական նպատակներով»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սոցիալական ցանցերում երբեմն Ֆրանսիայի դիրքորոշումը աղավաղվում է:
«Մյուս կողմից՝ պետք է կարողանանք ասել նաև մեր արդյունաբերողներին՝ հաշվի առնելով մեր գործընկերների կարիքները, թե ինչ կարող ենք առաջարկել, ինչ գնով, ինչ ռիթմով: Մեր խորհրդարանականները, որ այստեղ են, նաև ապահովում են ժողովրդավարական վերահսկողությունը, կարելի է ասել»,- ասաց նա: