Խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ փետրվարի 23-ին հանդիպել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հանդիպման մասնակիցները պատգամավորի հետ քննարկել են ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներին, 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքներին, հարևան պետությունների հետ հարաբերություններին, Հայաստանի անվտանգային միջավայրին առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև կրթական ոլորտի հարցերին: Ուսանողները նշել են, որ իրենց ավարտական աշխատանքները գրելու փուլում են, և պատգամավորից հետաքրքրվել են, թե գրականության ինչ աղբյուրներից կարող են օգտվել: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է մասնագիտական հետաքրքրություն ներկայացնող գրքերի և հեղինակների իր առաջարկները, խրախուսել շարունակական կատարելագործումը: