ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Վիեննայում ընթացող Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Պարո՛ն նախագահ,
Դուք ներկայացրեցիք այս կոմիտեի զեկույցի նախագծի վերաբերյալ Ձեր տեսլականը: Իհարկե, մենք ժամանակ և հնարավորություն կունենանք մինչև Բուխարեստում կայանալիք մեր ամենամյա նստաշրջանը մեր ներդրումն ունենալու այս զեկույցում և բանաձևի նախագծում, բայց ես կցանկանայի ընդգծել տեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման սկզբունքների ներառման կարևորությունը: Այդ սկզբունքները հետևյալն են.
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա:
ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են երկու երկրների միջև սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի քաղաքական հիմքի վրա:
Երկու երկրները պայմանավորվել են ապաշրջափակել տրանսպորտային և տնտեսական կապերը, երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգանքի հիման վրա՝ փոխադարձության և հավասարության սկզբունքով:
Վերոնշյալ սկզբունքները համաձայնեցվել և վերահաստատվել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից Պրահայում` 2022 թվականին, Բրյուսելում՝ անցյալ տարի և Մյունխենում՝ մի քանի օր առաջ: Այս հանդիպումներից հետո Հայաստանն ամենաբարձր մակարդակով վերահաստատել է իր հանձնառություններն այս հիմնարար կետերի շուրջ՝ հարաբերությունների շուտափույթ կարգավորման համար: Շատ կարևոր է, հարգելի՛ գործընկերներ, շարունակել Ադրբեջանին կոչ անել հաստատակամորեն հավատարիմ մնալ այդ սկզբունքներին և մասնակցել այդ պայմանավորվածությունների վրա հիմնված խաղաղ գործընթացին՝ առանց հետագա ձգձգումների և պահանջների, ներառյալ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները:
Այս գործընթացի համար առաջնային նշանակություն ունի Ալմաթիի հռչակագրի սկզբունքներին հավատարմությունը: Խորհրդային 12 հանրապետություններ, միանալով այս հռչակագրին և դառնալով ինքնիշխան պետություններ, ճանաչեցին տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը և միմյանց ինքնիշխանությունը: Եվ այսպիսով, Ալմաթիի հռչակագրի ընդունմամբ խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դարձան պետական սահմաններ:
Այս սկզբունքն արդիական է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համատեքստում, այլև հիմնարար է հետխորհրդային մյուս հանրապետությունների, այդ թվում` Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը հարգելու համար»,- ասել է Սարգիս Խանդանյանը: